ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդպման եկավ ուշացումով: Պարույր Հայրիկյանի մտնելուն պես բոլորը ծափահարեցին:

«Ես կարծււմ եմ ամեն ինչ ասված է:Եկել եմ ընդամենը ցույց տալու, որ ես ներկա եմ: Ներկա եմ, ոչ թե քաղաքական դաշտում, այլ ֆիզիկապես: Թող ամեն հայ իմանա, որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը իր բնականոն ուղուց չպետք է շեղի»,- այսպես սկսեց ՀՀ նախագահի թեկնածուն, հետո հայտարարեց, որ լրագրողների հարցերին չի պատասխանելու:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ սա ընդամենը ահաբեկչություն էր իմ նկատմամբ և գիտեմ` ինչու է այդպես:Այդ ահաբեկչությամբ զբաղվել են տասնամյակներ: Առաջին օրը չէ, որ ինձ փորձում են սպանել: Ես տիրոջ կամոք կենդանի մնացի, բայց դա չի նշանակում, որ ահաբեկիչը սխալվել է: Ինքն ինչ անելու էր արեց, բայց հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի»:

Պարույր Հայրիկյանը ցավով նշեց, որ ահաբեկիչը դեռ ձերբակալված չէ, սակայն հույսեր հայտնեց, որ ամեն ինչ կբացահայտվի:
«Ես բոլոր թեկնածուներին ասում եմ, թող վերցնեն իրենց տարիքը նայեն տեսնեն, թե այդ տարիքում Հայրիկյանն ինչով է զբաղված եղել: Հետո նոր հիմարություններ դուրս տան: Եթե հայ քաղաքական գործիչները մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, որևէ մեկի հետ դաշինք կազմելով` մենք կկարողանանք Հայաստանը դարձնել ամենաօրինակելի երկիրը»,- իր խոսքում նշեց ԱԻՄ առաջնորդը:
Վերջինս անդրադառնալով Ռուսաստանին` ասաց, որ Ռուսաստանում կան սադրիչներ, որոնք խանգառում են հայ-ռուսական հարաբերություններին. «Ես ուզում եմ, որ ռուսական սադրիչները վերջ տան իրենց գործողություններին:Ես պատկերացնում եմ, որ 2050 թվականին մենք և Ռուսաստանը կլինենք Եվրոպայի կազմի մեջ»:
Նշենք նաև, որ մինչ Պարույր Հայրիկյանի ժամանելը, վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ ԱԻՄ առաջնորդը չի դիմելու Սահմանադրական դատարան և ընտրությունները չեն հետաձգվելու: