Մեր անհատապաշտ դարում հաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են` առանց մտածելու, թե ընկերությունը փոխադարձ զիջում է, որ կամ պետք է սիրով կատարել կամ արդարությամբ: Լավ է, անշուշտ, որ սիրով կատարվի, այն ժամանակ հաշիվ չի պահվի, ինչպես մայրն իր երեխայի հանդեպ, բայց գոնե արդարությամբ պետք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ: Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնության մասին, կամովին առած լուծ` կյանքի ակոսը վարելու: Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն, սերն անշուշտ ամենագետ է և կարող է ամեն սուր անկյուն մաշել մեղմորեն, բայց սերն այնքան նույնացած է հիմա սեռի հետ, որ անտեսվում է և է մարդու աչքին երևում, որ կարող է կորցնել իր թարմությունը: Սիրելով պետք է առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մեջ: Երբ մարդը սիրվի կնոջ մեջ` նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձևը և ոչ շպարը…
Երկար ապրելու չեք. ամենաշատը հարյուր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չեք. այս է, որ կա. հետո գալու է հավերժական խավար և հանգիստ: Պետք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամփան. հաշտ ու համերաշխ: Եթե մարդիկ սովորություն դարձնեն վշտի, բարկության, սրտնեղության և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կա` ամեն ինչ կդյուրանա և անսահման ներողամտությամբ կհամակվեն և թեթև կապրեն այս աշխարհում: Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունորեն բարձրացնում է ամեն մի վայելքի և հաճույքի արժեքը: Եթե մտածենք, որ այսօրը անցնում է և վերադարձ չունի` պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնություն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանավանդ մեր սիրածին: Ինչ պիտի տար սրտնեղությունը, վիրավորանքը, անուշադրությունը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խոսքը, հարգանքի պակասը, հնարավորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակությունը. հավիտյան ապրելու՞ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դյուրի՞ն է լավ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դեպի մահ, ինչու՞ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մեջ, ինչու՞ իրար չօգնենք, իրար վրա չգուրգուրանք, իրար չսիրենք, խեթ-խեթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով ավելի դանդա՞ղ պիտի վարե տիեզերքը մեզ դեպի մահ, նա, որ չգիտե իսկ, թե մարդիկ սիրել ու ապրել գիտեն…
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը