Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարևորել է խառը սկզբունքով զինված ուժերի համալրման և մասնավորապես պրոֆեսիոնալ կազմի ներկայությունն ընդլայնելու գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ նոր, առավել թիրախային ու արդյունավետ ծրագրերի մշակումը՝ զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Քննարկման ընթացքում զինված ուժերը պայմանագրային կազմով համալրելու, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և արտերկրում ռազմական կադրերի, զորամասերում կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստման ընթացքի, կազմակերպչական հաստիքային աշխատանքների, դրանց հետ կապված խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ զեկույցներ և պարզաբանումներ են ներկայացրել ՊՆ, ԶՈՒ, ԶՈւ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ծավալուն անդրադարձ է կատարվել զինվորական ծառայության գրավչության ապահովման արդի տարրերին, պայմանագրային զինծառայողների պատրաստման և ուսուցման, նրանց աշխատավարձերի բարձրացման և սոցիալական նոր երաշխիքների ապահովման հարցերին, որոնց կապակցությամբ Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները: