Ռուս քաղաքագետ Մարկ Ուրնովը անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի հավանական բացմանը և Ադրբեջանի կողմից հայկական քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացմանը` նշել է, որ եթե Ադրբեջանը սկսի պայթեցնել ինքնաթիռները, անգամ ռազմական, ապա բացասական վերաբերմունքի կարժանանա միջազգային հանրության կողմից: Գրում է Vesti.az կայքը:
«Միջազգային հանրությունը հոգնել է լոկալ բնույթի կոնֆլիկտներից: Եթե Ադրբեջանը պայթեցնի անգամ մեկ ինքնաթիռ, ապա խաղաղ հանրության վերաբերմունքը ոչ միայն բացասական կլինի, այլ չափազանց կոպիտ:Ես չեմ բացառում, որ միջազգային պատժամիջոցներ կիրականացվեն Ադրբեջանի նկատմամաբ»,- ասել է քաղաքագետը:
Մարկ Ուրնովը խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ` նշել է, որ մոտ ապագայում դրա լուծումը, որը ձեռք կտար երկու կողմերին, անհնար է:
Քաղաքագետի խոսքերով` այստեղ ավելի շատ կարևոր է ոչ թե Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի կամ Հայաստանի վերաբերմունքը, այլ հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը:
«Ելնելով անձնական դիտարկումներից` կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարելու է իր անկախության համար»,- ասել է Մարկ Ուրնովը: