Նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած դաժան սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Կարեն Շահինյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այս մասին YN.am-ին ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Լրատվության վարչությունից մասնավորապես հայտնեցին, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն օպերատիվ տեղեկություններով ճշտել էր նրա գտնվելու վայրը, ինչպես նաև համագործակցելով ՌԴ գործընկերների հետ:

«Փետրվարի 18-ին Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերել և ձերբակալել ենք նրան: Այժմ որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը»,- ասացին լրատվական վարչությունից:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար: