Մի անգամ ճամփա են գնում Արդարությունն ու Անարդարությունը և, ինչպես պետք էր սպասել, նրանց մեջ կռիվ է ծագում։ Անարդարությունն սպանում է Արդարությանը և որպեսզի հանցագործության հետքերը ծածկի՝ ողջակիզում է նրա դին։ Արդարության բարեկամները, երկար որոնումներից հետո, գտնում են նրա աճյունը և այդ մի բուռ մոխրից սարքում են… թանաք։ Այն օրից ի վեր,- եզրահանգում է արաբ մեծ իմաստասերը,- Արդարությունը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մեջ…
Առայժմ երկրագունդը դժվար թե գոռա. «Ոչ, նա ապրում է աշխարհում»։ Ուրեմն և գիրք գրողներն էլ չպիտի մոռանան, որ Արդարության մոխրե թանաքով չակերտավոր, թե անչակերտ, մակդիրավոր, թե անմակդիր, սուտ գրելը առնվազն անբարոյականություն է…
«Գեղեցիկ սուտ»-ի սուտ տեսությունից բխում է մեկ ուրիշ հորդահեղուկ չարիք էլ՝ այսպես կոչված «պարզությունը»։
Ձգելով-ձգձգելով մենք «պարզ»-ը հոմանիշ դարձրինք «հասարակ»-ին, ինչպես որ, շա՜տ ափսոս, «հանրության» տեղն էլ գրանցվեց հասարակությունը։ Բայց պարզը հասարակ չէ։ Պարզ նշանակում է մաքուր (վկան՝ պարզաջրելը, պարզերեսը, պարզկան՝ իրենց ողջ շքախմբով); Իսկ «մաքուր»-ն ու «խոր»-ը, «հստակ»-ն ու «խորունկ»-ը ոչ թե ազգակից են, այլ մերձավոր արյունակից։
Գրողի գերագույն նպատակն է լինել պարզ, բայց ոչ հասարակ։ Ու հանրությանն էլ պարզություն է պետք և ոչ թե հասարակաթյուն, մաքրություն և ոչ թե ծանծաղություն։ Ուստի և գրողը կարող է ունենալ բազում ատելի բառեր, բայց ամենից աոաջ ու հետո պիտի ունենա մեկ անընդունելի բառ, որն է հասարակը։
Պարույր Սևակ
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը