Այսօր խորհրդային հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 78-րդ ամյակն է:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի ամենա հայտնի ֆիլմն է «Տարվա եղանակները», որը փայլուն նկարել էր ոպերատոր Միքայել Վարդանովը. Փելեշյանի սցենարով Վարդանովը նաև բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը.
Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը», մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն։
Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։
Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը` նվիրված մեծ ռեժիսոր-վավերագրողին։