Աշխարահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի և «System Of A Down» ռոք-խմբի մասին գիտեն թերևս բոլորը: Բայց շատերը չգիտեն, որ Սերժ Թանկյանը նաև գեղանկարիչ է: 2014-2015 թթ. Թանկյանը կազմակերպեց «Զինաթափվելու Ժամանակը» («Disarming Time»)` իր յուրօրինակ արվեստի գործերի ինտերակտիվ արտ-ցուցահանդեսների շարքը:
Նորամուծությունը և յուրահատկությունը կայանում էր նրանում, որ
այդ աշխատանքների (նկարներ, կոլաժներ, քանդակներ, ինստալյացիաներ) ցուցադրության ընթացքում` ամեն մի արվեստի նմուշ Թանկյանը զուգորդել էր իր կողմից գրված հատուկ երաժշտությամբ: Ցուցանմուշների երաժշտական ուղեկցությունը կարելի էր լսել «Eye For Sound» ծրագրային հավելվածի միջոցով: Դրա համար պարզապես հարկավոր էր ներբեռնել հավելվածը, սմարթֆոնի էկրանը պահել կտավներից որևէ մեկի վրա, և հավելվածը ներկայացնում էր կոնկրետ այդ գործի համար գրված Թանկյանի երաժշտությունը:
«Այս նոր գաղափարը ինձ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ հասկացա, որ այսօր երաժշտությունը գուցեև որոշ չափով արժեզրկվել է և չափազանց նյութական դարձել: Այդ իսկ պատճառով ես ցանկացա ստեղծել մի բացառիկ երևույթ, որի ժամանակ, երբ ինչ-որ մեկը շփման մեջ մտնի այդ երևույթի հետ` դառնա այն միակ մարդը, որն այդ պահին ապրում է այդ փորձառությունը: Իմ նպատակն է, որ մարդիկ այս համադրման միջոցով, այսպես ասեմ` «տեսնեն» երաժշտությունն և «լսեն» արվեստը: Օգտագործելով ժամանակակից ծրագրերը, կարծում եմ, մենք կարողացանք նոր մակարդակի հասցնել 20-րդ դարասկզբի տաղանդաշատ նկարիչ Կանդինսկու «Synesthesia» գաղափարը` գույները «լսելու» և կտավի վրա դա յուրովի վերարտադրելու հատկությունը»,- ասում է Սերժ Թանկյանը:
Ռուբեն Շուխյան