Դատելով Տարոն Մարգարյանի վերջին ելույթից, որտեղ քաղաքապետը մի կողմից գովասանքի խոսքեր է շռայլել վերջին տարիների երևանի կառուցապատման դեմ բողոքող ակտիվիստներին՝ անվանելով քաջ երիտասարդներ, իսկ մյուս կողմից բավականին սուր քննադատության է արժաանացրել այդ կառուցապատումների համար պատասխանատուներին՝ մեղադրելով մասնավոր ընկերությունների շահին գերակայություն տալու մեջ, իրոք լուրջ հավանականություն կա, որ Տարոնին ուզում են պաշտոնանկ անել ու քաղաքապետի աթոռը յուրացնել։
Այս ամսին արդեն վաղուց են ասեկոսեներ շրջանառվում ու գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի վրա աչք ունեն Գագիկ Բեգլարյանը և Մհեր Սեդրակյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ իրենց որդիների համար։ Ու այս հարցի շուրջ իսկական ընդհատակյա պատերազմ է սկսվել այս բևեռների միջև, որոնցից յուրաքանչյուրը փորձում է հենարան գտնել հասարակության տարբեր շերտերու ու ՀՀԿ-ի տարբեր թևերում և միևնույն ժամանակ բզում է մյուս թևերին։
Տարոնի այս մանյովրի իմաստն էլ հենց դրանում է․ ակնհայտորեն զիջելով իր մրցակիցներին՝ թե ներկուսակցական քաղաքական կշռով, թե՛ ադմինիստրատիվ-ֆինանսական հնարավորություններով, փորձում է պոպուլիզմի դիմելով, հենարան գտնի հասարակության արտահամակարգային ուժերի շրջանակներում ու հասարակ քաղաքացիների մոտ։ Դրանով էլ պայմանավորված է այս տարօրինակ հայտարարությունը։
Տարոն Մարգարյանը սակայն չի հաշվարկել մի բան․ եթե հասարակ անկողմնակալ քաղաքացիների շրջանակներում սա դեռ կարող է որոշակի դրական արդյունք գրանցել, ապա բուն ակտիվիստական շրջանակներում դա բացառվում է, քանի որ այն ակտիվիստական խմբերը, որոնք քաղաքական պատվերներ չեն կատարում վարձակալական հիմունքներով, ինչպես դա անում է օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանի անվան փողոցային երիտգվարդիան, չափազանց շատ բացասական հիշողություններ ունեն Տարոնի պաշտոնավարման հետ կապված ու ամենևին էլ չեն հավատալու զուտ ճառերի, մինչև Տարոնը չգնա զանգ կախելու։ Դե իսկ նշածս ծախու կատեգորիան էլ արդեն վաղուց ունի իր տերերին ու պատվիրատուներին ու գործելու է ըստ դրված պատվերի՝ անկախ նրանից, թե Տարոն մարգարյանն ինչ հռետորաբանություն է որդեգրում։