Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստը: Ավետիսյանների սպանության գործով ցուցմունքներում որոշակի հակասություններ կան։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը ցուցմունքում ասել է, որ իրեն փախուստի մասին հայտնել է 102-րդ ռազմաբազայի պետը, ու հանձնարարվել է շան օգնությամբ փնտրել զինվորին։ Նա պնդում է, որ փնտրում էր դասալիքին, այլ ոչ թե մարդասպանին, չնայած կասկածներ ուներ նրանց միջր առկա կապի մասին:
Իսկ թե կոնկրետ որ ժամին է շունը նրանց բերել Ավետիսյանների տուն, դեռեւս շրջանցվում է։ Տան մոտ շունը բազմաթիվ հետքեր էր գտել, ինչը վկայում է այն մասին, որ որոնվողը պտտվել է տան շուրջը՝ չիմանալով, թե ուր գնալ։
Սերգեյ Մերզլիկինը նաև ասել էր, որ ձերբակալության պահին Պերմյակովը հերքել է, որ ինքն է սպանել Ավետիսյաններին: