ԲՀԿ-ն մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իր շանսերը գնահատում է բավականին բարձր: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում, ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ հետընտրական համագործակցություն` դաշինքի տեսքով, հնարավոր է համարում:

Նաիրա Զոհրաբյանը բացարձակ անհեթհեթություն է համարում մամուլի այն հրապարակումները, թե ԲՀԿ-ն երեկ Ազատության հրապարակում իր հանրահավաքի ժամանակ մարդկանց հարկադրաբար է բերել ավտոբուսներով և գումար է տվել:
«Չի համապատսխանում իրականությանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, եթե այդպես է բերեք մի օրինակ, որ մարդիկ ասում են, թե իրենց ստիպելով են բերել հանրահավաքի:


Իսկ այն պնդմանը, թե մարզերից էլ մարդիկ չէին եկել հանրահավաքին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ անձամբ իրեն է մոտեցել գյումրեցի մի կին և խնդրել է, որ իր նամակը փոխանցի Գագիկ Ծառուկյանին, որին էլ Նաիրա Զոհրաբյանը հարցրել է, թե ինչու է եկել հանրահավաքին, որին մասնակցում են երևանցիները: Կինը պատգամավորին ասել է, որ եկել է նամակը հանձնելու: