Ամբողջական խնդիրները և մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են ՀՀ առաջ` որպես հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրի, մեծապես կապված են սոցիալական ինքնակազմակերպման նոր փուլի անցման հետ, որն ունի սկզբունքորեն նոր հնարավորություններ, սակայն միաժամանակ առաջադրում է ավելի բարձր պահանջներ անձերի, ինչպես նաև պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ:
Իշխանության և կառավարման համակարգը պետք է այնպես կառուցվի, որ չճնշի հասարակությունում գոյություն ունեցող հայացքների, դիրքորոշումների ու պահանջարկի բազմազանությունը, սակայն մյուս կողմից համաձայնությունն ու հասարակական համերաշխությունը պետք է դառնան հասարակության մեջ գերակշռող մոտեցումներ: Հասարակության ներդաշնակ զարգացումը մեծապես կախված է այն բանից, թե ինչքանով են համատեղվում հասարակության երկու հատվածների ձգտումները: Առաջինը զբաղված է քաղաքական-վարչական լուծումների մշակմամբ և իրականացմամբ, մյուս մասը հակված է պահանջելու սեփական հետաքրքրությունների, իրավունքների և ազատությունների առավել լիարժեք իրացում:
Այնպիսի բարդ համակարգի արդյունավետ կառավարումը կառավարությունից պահանջում է միասնություն ժողովրդի հետ, ինչը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում ենթադրում է հասարակական հսկողության գործուն մեխանիզմների առկայություն: Այդ մեխանիզմների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության կայացածության որոշակի մակարդակ: Սակայն անգամ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում այդպիսի հասարակությունը բնականոն զարգացման ու առաջընթացի ինքաբերաբար ձևավորված արդյունք չէ: Դա հնարավոր չէ իրականացնել առանց պետական քաղաքականության: Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության խիստ սահմանափակ կարողությունը, ժողովրդի և իշխանության կապի խզումը կամ թույլ լինելը միայն իշխանության կամ դրա իրականացնողների մեղքը չէ, քանի որ հասարակությունը ևս պետք է որոշակի որակներ ունենա իր պահանջների համարժեք ձևակերպման համար:
Խնդիրն ունի վճռորոշ նշանակություն ոչ միայն հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների վերաբերյալ գիտական տեսությունն ամբողջացնելու, այլև այդ երկրների հետագա ընթացքը ճշգրտելու և անհրաժեշտ զարգացումներ ապահովելու համար: Անցումը ժողովրդավարության՝ ենթադրում է երեք նախապայման. ազգային միասնության և ինքնության ձեռքբերում, տնտեսական զարգացման համեմատաբար բարձր մակարդակ, «քաղաքացիական» տիպի հավասարակշռված քաղաքական մշակույթի առկայություն հասարակությունում:
Այս երեք նախապայմանների միաժամանակյա ապահովումը, անշուշտ, ցանկալի է, սակայն տարբեր մեկնարկային պայմանների պատճառով դրանցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել տարբեր արագությամբ: Ավելին, հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների մի մասը դեռևս չի հաղթահարել անցումային շրջանը հենց այդ պատճառով, ու թեև այդ երկրները որոշակի քայլեր արել են դեպի ժողովրդավարություն, սակայն դրանց դեռևս հնարավոր չէ դասել կայացած ժողովրդավարությունների շարքը: