Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված 5 մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքի հայրը օրերս ինքնասպանություն է գործել, երբ վերջերս դատարկաձեռն վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, ուր ամիսներ առաջ մեկնել՝ աշխատանք գտնելու հույսով:
Այս մասին հաղորդում է «Շիրակ» կենտրոնը:
Կինը տղամարդուն կախված է գտել քաղաքամերձ մի գյուղում գտնվող գոմում, որտեղ վերջերս էր տեղավորվել աշխատելու` որպես անասնապահ:
«Մեքենա էր վերցրել, նպատակ էր դրել, որ էս տարի էրթար խոպան, գար, պարտքեր ունի ահագին, պարտքերը փակեր: Կըսեր` ապրանք տանինք գյուղերը, փոխանակենք, ապրենք: Երեկ չէ առաջին օրը խմոր սարքեցի, որ հաց թխեի, որ իրեն հազ ուղարկեի «Գազելով», առավոտյան 7-ից զանգի, զանգի չպատասխանեց, ժամը մեկի գազելով գնացի, գոմի մեջը էդ վիճակում գտա»,- «Շիրակ» կենտրոնի աշխատակիցներին պատմում է ընտանիքը մայրը՝ Լուսինեն: