ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել է և էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկ այլ օգտատերին ուղղված գրառումը:

Պատգամավորը գրել էր, որ նրա աչքերը կհանի, եթե իր գարշելի երախը բացի ու «էժան ու հավուղեղ մակարդակի» արտահայտվել Հայաստանի, մեր բանակի, ՀՀ պաշտպանության նախարարի մասին:

Այս մասին որոշում է կայացվել հանձնաժողովի փետրվարի 29-ին կայացած նիստում: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է. «Հարցը կայանում էր հետևալում, սահմանային միջադեպի արդյունքում զոհված զինվորներից մեկի հուղարկավորության առիթով օգտատեր Գայանե Շահբազյանը բավականին կոշտ մտքեր էր արտահայտել, որին արձագանքել էր պատգամավոր Շուշան Պետրոսյանը` փորձելով սաստել նրա այդ մտքերի ընթացքը»: 

Հանձնաժողովը կոնսուլտացիա է արել փաստաբանների հետ, մասնավորապես, թե «լակոտ», «աչքերդ կհանեմ»-ը, որ դեպքերում է պարունակում սպառնալիք: Եվ փաստաբանների հիմնական մասն ասել է՝ հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը, կարծիք է հայտնել, որ նրա խոսքերը չի կարելի որակել որպես սպառնալիք: