«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության՝ Երևան-Աբովյան և Երևան-Չարենցավան երթուղին: Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. ««Քինգ դե լյուքս» ընկերությունը այժմ հավաքագրում է իր գույքը և եթե գա ժամանակը, երբ բանկերը վաճառեն ընկերության գույքը, ապա չի բացառվում, որ «Մուլտի գրուպը» ցանկություն հայտնի ձեռք բերել այն»: Ի դեպ, երեկ ողջ օրվա ընթացքում Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան սպասարկող երթուղին չի աշխատել: Այս մասին «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր ստացավ:
Հիշեցնենք, որ «Քինգ դե լյուքս» ընկերությունը վերջերս սնանկացավ: Ընկերության սեփականատերն է Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով Գ. Ծառուկյանի սանիկն է, սակայն դավաճանեց Ծառուկյանին: Հարությունյանի հեռախոսահամարին պատասխանեց նրա ընկերը, որն ասաց, թե հեռախոսի տերը Հայաստանում չէ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: