ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի պես երկրներում խելամիտ ու կայուն կառավարումը հնարավոր է կայուն տնտեսության պայմաններում: Տնտեսական վիճակը կայունանում է այն ժամանակ, երբ տարատեսակ քաղաքական և դրանց հարող հանցավոր խմբավորումների պայքարի արդյունքում սեփականության բաշխումն ավարտված է, ու խմբավորումների մակարդակում դրա վերաբաշխումը դառնում է քիչ հավանական` տնտեսական ոլորտում մրցակցությունն իջնում է անհատների մակարդակի: Թերևս միայն դրանից հետո է, որ իշխող վերնախավը հնարավորություն է ստանում ձևավորել իշխանություն-ընդդիմություն կառավարման ընդհանուր բուրգը, որի կազմում հայտնված հաղթական քաղաքական ուժերը կարող են ընտրությունների միջոցով փոխարինել միմյանց պետության կառավարման ղեկի մոտ` առանց դիզածը վտանգի ենթարկելու: Այդ ժամանակ հնարավոր է, որ նախկինում գողացված ու երկրից դուրս բերված միջոցները վերադառնան և սկսեն աշխատել երկրի զարգացման համար, իսկ գործարարները փորձեն նախապատվությունը տալ ոչ թե ներկրմանը, այլ արտահանմանը: Կուսակցությունների խոշորացումն ի հաշիվ մանր կուսակցությունների մեծերի հետ միավորման` ընդհանուր ներքաղաքական կայունացման լրացուցիչ խթան է: Մեր ներքաղաքական իրավիճակը ներկայումս միաժամանակ և մեծ հնարավորություններ է պարունակում, և մեծ ռիսկեր: Այսօրվա իշխանությունը ժամանակ ունի մինչև աշնան վերջերը` մինչ այդ այն ցույց կտա` արդյոք ի զորու է օգտվել հնարավորություններից, թե տապալվելու աստիճան կավելացնի ռիսկերը:»