Չեմ կարծում, թե գարնան առաջին օրն այնքան հիշարժան իրողություն է, որն այսպես ջանասիրաբար կարելի է շնորհավորել: Բայց գարնան գալն իր հետ բերում է ոչ միայն մոտալուտ ջերմության զգացողությունը եւ բնության զարթոնքը, այլ նաեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսի մեկնարկը: Ցավով պետք է նշեմ, որ մեր ներքին առաջնությունն աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը եւ միայն ուշադրության կենտրոնում է այն պարզ պատճառով, որ ցանկանում ենք իմանալ, թե մեր ակումբներից որոնք են եվրագավաթներում խաղալու իրավունք ստանալու: Չէի ասի, թե Ուլիսը գերազանց եւ շատ ուժեղ ակումբ էր, բայց դրա կործանումը բացասական ազդեցություն կունենա առաջնության վրա: Առանց այն էլ քիչ քանակությամբ ակումբներով առաջնություն անցկացնելը ցանկալի չէ, որը նաեւ պատվաբեր չէ: Եթե ցանկանում ենք ուժեղացնել ու զարգացնել հայկական ակումբային ֆուտբոլը, ապա պետք է պետական մեծ աջակցություն լինի մեր ֆուտբոլին:
2015թ.-ի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ հրահանգ տվեց երկրի ֆուտբոլային գերատեսչությանը, ոլորտի պատասխանատուներին՝ պետական մակարդակով ռուսական ֆուտբոլին աջակցելու տեսանկյունից: Մեզ մոտ այդպիսի բան միայն հաճելի երազներում կարելի է տեսնել: Չեմ պատկերացնում ու նաեւ, գերազանց երեւակայության դեպքում նույնպես հնարավոր չէ պատկերացնել, որ երբեւէ Սերժ Սարգսյանը նման հրահանգ կտա: Մինչդեռ ֆուտբոլն իրավամբ համարվում է թիվ 1 մարզաձեւը: Հիմա՝ առաջնության մասին: 16-րդ տուրի մեկնարկից առաջ Ուլիսն արդեն իսկ 3 միավորը նվիրել է Գյումրիի Շիրակին: Այդպիսի թանկարժեք նվեր մեր մյուս ակումբները նույնպես կստանան: Այնպես որ, արդեն հիմա կարելի է մրցաշարային աղյուսակին նայել՝ յուրաքանչյուր թիմի ակտիվում ավելացված 3-ական միավորով: Եթե չփորձեն խանգարել Երեւանի Ալաշկերտին (իսկ խանգարելը մեր ֆուտբոլին բնորոշ է եւ դրա անբաժանելի մասն է կազմում), ապա Աբրահամ Խաշմանյանի թիմն արժանիորեն կհռչակվի երկրի չեմպիոն: Հարգում եմ բոլոր թիմերին, բայց այսօրվա դրությամբ Ալաշկերտը մեկ գլուխ բարձր է մյուսներից՝ առաջին հերթին բարձրակարգ մարզչի գործոնով: Չեմ կարող հասկանալ Սարգիս Հովսեփյանին, ով վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, թե չեմպիոնության նպատակը Փյունիկի համար առաջնային չէ: Եթե ակումբը, առավելեւս Փյունիկի նման ակումբն, իր առջեւ չեմպիոնության խնդիր չի դնում, ապա դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ:
Նույնիսկ Սլովակիայի առաջնությունում հանդես եկով Զլատե Մորավցե ակումբն է իր առջեւ չեմպիոնության խնդիր դնում: Այնպես որ, պետք չէ ավելորդ համեստություն դրսեւորել կամ զբաղվել դեմագոգիայով: Հետաքրքիր կլինի տեսնել, թե առաջնության երկրորդ հատվածում ինչպիսի տեսք կունենան Արարատն ու Գանձասար-Կապանը: Երկու թիմերն էլ պատվախնդիր թիմեր են եւ կանեն առավելագույնը՝ մրցաշրջանի արդյունքներով եվրագավաթների ուղեգիր ապահովելու համար: Չզարմանանք, եթե Արարատի նկատմամբ լրացուցիչ համակրանք լինի մրցավարների կողմից: Ի վերջո, Սուքիասյանը գլխավորում է նաեւ ազգային ընտրանին եւ այս մասնագետի գլխավորած թիմի նկամամբ արդեն առանձնակի բարեհաճ վերաբերմունք կլինի նույնիսկ ամենաբարձր մակարդակով: Էլ ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե իրենից ինչ է ներկայացնելու Երեւանի Բանանցի նոր նախագիծը: Միգուցե ամեն ինչ իսկապես հրաշալի լինի, բայց եթե անկեղծ լինենք, ապա նման սցենարին սպասելը մի փոքր բարդ կլինի:
Բայց մյուս կողմից, միայն Հայաստանի առաջնությունում կարող է լինել այնպես, որ երկու-երեք ամսվա ընթացքում կտրուկ փոփոխությունների ենթարկված ակումբը հանկարծ սկսի փայլուն արդյունքներ գրանցել: Որպես կանոն, նոր նախագիծ սկսող ակումբներին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի արձանագրել այն արդյունքները, որոնց համար էլ, ըստ էության, կատարվել են փոփոխությունները: Բանանցի հանկարծակի վերելքին սպասելը ինքնախաբեություն կլինի: Դժվար է հավատալ նաեւ, որ այս նույն քաղաքականությունը Բանանցը կշարունակի նաեւ հաջորդ մրցաշրջանում: Ամենայն հավանականությամբ, Բանանցի նախագիծը երկար կյանք չի ունենա: Սպասենք եւ կտեսնենք: Եւ կրկին վերադառնում ես մտքին, որ պետական մեծ աջակցություն է անհրաժեշտ հայկական ֆուտբոլին, անհրաժեշտ են նոր ակումբներ՝ առավելապես մարզերից, որպեսզի մի քանի տարի անց մենք նույնպես ունենանք մրցունակ առաջնություն, որտեղ խաղալու դրական արդյունքները կտեսնենք եվրագավաթներում: Իսկ ներկայում մենք վերջին ճիգերն ենք գործադրում ներքին առաջնություն ունենալու եւ այն պահպանելու համար:
Մենուա Մեհրաբյան