«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը երեկ այդպես էլ չհրապարակվեց, ինչը նշանակում է, որ նախագահական նստավայրի աշխատակազմը, մեղմ ասած, անտեսել է Սերժ Սարգսյանի կողմից դեռևս փետրվարի 10-ին ստորագրված «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» անվանումով հրամանագրի պահանջները:

Այդ հրամանագրի 1-ին հավելվածի 1-ին կետի համաձայն՝ նոր ԸՕ նախագիծը պետք է խորհրդարան ուղարկվեր մինչև այս տարվա մարտի 1-ը: Սակայն երեկվա դրությամբ այդ նախագիծը խորհրդարան չէր ուղարկվել, քանի որ մինչ այդ այն ոչ էլ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել: Հիշեցնենք, որ նախագծի մշակման գործը հանձնարարված էր նախագահի աշխատակազմին կից ստեղծված իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհդին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ նոր ԸՕ նախագծի մի քանի առանցքային խնդիրների շուրջ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Մասնավորապես, ՀՀ իշխանությունները չեն կարողանում միաժամանակ երկու խնդրի լուծում համատեղել, որպեսզի հա՛մ կարողանան ընտրական նոր օրենսգրքով առաջարկվող լուծումները եվրոպացի փորձագետների սրտով անել, հա՛մ էլ հետագայում հնարավոր լինի ընտրությունների ելքը վերահսկել:

Այն տարբերակները, որոնցով հնարավոր կլինի ընտրությունների ելքը վերահսկել, այնպիսի խայտառակ պատկեր են կանխատեսում, որ ոչ մի եվրոպական կառույց նման պայմաններում չի համաձայնի ընտրությունների արդյունքներն ընդունել, առավել ևս նոր համակարգի վրա փող ծախսել:

Իսկ ընտրությունների կազմակերպման, այսպես կոչված, ոչ խնդրահարույց մոտեցումներն էլ նվազեցնում են ընտրությունների վերահսկման, կեղծման հնարավորությունները, այսինքն՝ իշխանությունների համար լուրջ վտանգներ են պարունակում: Արդյունքում, ՀՀ իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվում ինչպես վարվել: Դրա համար անգամ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անտեսվեց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: