«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը:
«Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով:
Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը, թեև դեռ ժամեր առաջ իշխանական շրջանակներում խոսվում էր Վաչե Գաբրիելյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին:
Այս պահին ունեցած մեր տեղեկությունների համաձայն, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մնալու է զբաղեցրած պաշտոնում: Պարզապես, ինչպես արդեն հայտնի է, Հարկային ու մաքսային մարմինները Սերժ Սարգսյանի քիչ առաջ ստորագրած հրամանագրի համաձայն, այլևս առանձնանում են և դրա ղեկավար է նշանակվում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Ամենամեծ անակնկալը, սակայն, սա չէ:
Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՀՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում Արմեն Գևորգյանին նշանակելու հարցը:
Հիշեցնենք, Արմեն Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց և աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ու մեկնեց ԱՄՆ՝ սովորելու»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: