Հանդիպման ընթացքում քննարկվել են Գիտությունների ազգային ակադեմիայի և պաշտպանության նախարարության միջև հետագա փոխգործակցության հարցերը:
Համագործակցությունը ներառում է երկու հիմնական ուղղություններ: Առաջինը՝ հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք նպաստում են զինվորների գիտելիքների եւ հայրենասիրական ոգու ամրապնդմանը, երկրորդը՝ ԳԱԱ ինստիտուտների մշակումների կիրառումն է հանրապետության պաշտպանունակության ամրապնդման գործում:
Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին ԳԱԱ-ում հյուրընկալվելու համար՝ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փաստել են, որ այսօր ԳԱԱ աշխատողները պարբերաբար հանդիպումներ են ունենում զորամասային օղակի ներկայացուցիչների հետ, իրականացնում են պաշտպանական ոլորտին առնչվող տարբեր գիտական հետազոտություններ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցության շարունակականությունը և ընդգծել, որ ՀՀ պաշտպանական քաղաքականությունն իր մեջ ներառում է պետական կառավարման ամբողջ համակարգը, որտեղ առանցքային դերակատարություն ունեն կրթության և հատկապես գիտության նվաճումների կիրառումը երկրի անվտանգության ապահովման հարցում:
Իր խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձ է կատարել նաև զինված ուժերի գործունեության առանցքային բաղադրիչներին, վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, առկա ձեռքբերումներին: