Նշված կազմակերպությունները հումանիտար ականազերծման ոլորտում պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնատար անձինք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անցյալ տարվա նոյեմբերին«Մարշալ Լեգասի» ինստիտուտի դոնորական աջակցությամբ Բոսնիա և Հերցոգովոնիայի ականներ հայտնաբերող շների կենտրոնի կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված 6 ականներ հայտնաբերող շների (ԱՀՇ) վարժեցման, խնամքի, դրանց օգտագործման, առաջիկա ծրագրերին ու հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր:
Նկատի ունենալով, որ Հայաստանին տրամադրված 6 ԱՀՇ-ներից երկուսը գնվել են ամերիկացի երեխաների կողմից հավաքված բարեգործական միջոցների հաշվին, հանդիպման ընթացքում քննարկվեց նաև դպրոցական տարիքի ամերիկացի և հայ երեխաների միջև ինտերնետ հեռահաղորդակցության հնարավորությունը ականային վտանգի իրազեկման, հակաականային քարոզչության բնագավառում: Նախատեսվում է նաև հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում հյուրընկալել 6 ԱՀՇ-ների համար բարեգործական աջակցություն տրամադրած անձանց:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում կուսումնասիրվի նաև դպրոցական ծրագրերում ականային վտանգների իրազեկման վերաբերյալ առարկայի ներառման հնարավորության հարցը:
Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ականներ հայտնաբերող շների կենտրոնի(MDDC) միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: