Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը և ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ՀՀԿ շահագրգիռ է և նպատակ է հետապնդում ապահովել ընտրությունների` արդար և օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը: