Քչերը գիտեն, որ աշխարհի TOP-100 կայքերից մեկի՝ Reddit.com-ի, համահիմնադիրը ազգությամբ հայ Ալեքսիս Օհանյանն է: Ծնվել է 1983թ-ի ապրիլի 24-ին: Գործընկերոջ՝ Սթիվ Հոֆմանի հետ, 2005թ-ին նրանք ստեղծում են Reddit.com կայքը, որը սկզբնական ֆինանսավորում է ստանում Y Combinator-ում, ապա տարիների ընթացքում վերածվում մեծ ընկերության:
Այդ ժամանակ տղաներն ընդամենը 22 տարեկան էին: Reddit-ը նորությունների կայք է, որը հնարավորություն է տալիս գրանցված անդամներին ավելացնել նորություններ, որոնք մարդիկ կարող են քվեարկել դեպի «վեր» կամ «ներքև», որի շնորհիվ էլ որոշվում է նորությունի դիրքը էջում: 2012թ-ին Reddit-ը ունեցել է 400 միլիոն ունիկալ այցելություն և ավելացվել են 30 միլիոն նորություններ:
2009թ-ին Ալեքսիս Օհանյանը լքում է Reddit-ը և սկսում աշխատել այլ նախագծերի վրա: Մասնավորապես, 2010թ-ին օգնում է գործարկել ճանապարհորդությունների որոնման hipmunk.com կայքը, ապա նույն տարում ստեղծում Das Kapital Capital ընկերությունը, որը զբաղվում է ստարտափների ֆինանսավորմամբ և խորհրդատվությամբ: Ալեքսիսը նաև breadpig.com կայքի հիմնադիրն է (2008թ-ին)՝ նախատեսված տարբեր գիկ-ապրանքների ստեղծման և վաճառքի համար (անգլերեն՝ an uncorporation for creating (and selling) geeky things):