ՀՀԿ-ական ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ողջունում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն որոշումը, որ վերջինս չի պատրաստվում դիմել Սահմանադրական Դատարան` ընտրությունները հետաձգելու դիմումով: «Ես անձամբ ողջունում եմ Հայրիկյանի որոշումը, որովհետև այդ որոշմամբ նաև Պարույր Հայրիկյանը պատասխան տվեց այն շրջանակներին, որոնք այդ մահափորձով շահագրգիռ էին Հայաստանում բնականոն, սահուն ընթացող ընտրական գործընթացների, եթե ոչ խաթարման, ապա հետաձգման և հարցականներ առաջացնելու գործընթացներում»,- այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց նախարար Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը չկարողացավ ստույգ ասել, թե մահափորձով Պարույր Հայրիկյանի վարկանիշը բարձրացավ, թե ոչ, քանի որ չի տիրապետում նման տվյալների, սակայն այն հանգամանքը, որ այս օրերին լրատվամիջոցները բավականին ակտիվ լուսաբանեցին Պարույր Հայրիկյանին կարող է բերել վարկանիշի աճի :
Անդրադառնալով ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի վարկանիշին` Աշոտյանն ասաց.«Մեր թեկնածուի վարկանիշը կայուն բարձր է: Ակնհայտորեն գործող նախագահի վարկանիշն այնքան բարձր է, որ ամբողջությամբ բավարարում է առաջին փուլում մաքուր ընտրությունների արդյունքում համապատասխան հաղթանակ տանելու»:
Հիշեցնենք, որ այսօր նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել Սահմանադրական Դատարան` ընտրությունները հետաձգելու դիմումով:


