Այսօր ՀՀԿ-ն իր քարոզարշավի վերջին հանդիպումն անցկացրեց Կենտրոն վարչական շրջանում: Այստեղ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպելով բնակիչների հետ խոսեց նրանց հուզող խնդիրներից և յուրաքանչյուրի հարցին փորձեց սպառիչ պատասխաններ տալ:
Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենց թիմի կողմից այս 4 տարիների ընթացքում կատարվել են բազում ծրագրեր, շատ հարցեր իրենց լուծումն են ստացել, բայց միևնույն ժամանակ նշեց, որ դեռ շատ խնդիրներ էլ առջևում են:
«Դեռ հազարավոր խնդիրներ մնացել են, բայց այդ խնդիրները հնարավոր չեն 4 տարվա ընթացքում կյանքի կոչել, քանի որ 20 տարիների կուտակված խնդիրներ էին: Մեր թիմի օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ, հնարավորինս կարողացել ենք երևանցու մատից փուշ հանել»,-իր խոսքում նշեց Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, Կենտրոն վարչական շրջանում խոսելով տարբեր քաղաքական ուժերի կողմից անցկացվող քարոզչության մասին, ասաց, որ բոլորը երևանցուն սեր են բացատրում, բայց շատ կարևոր է, որ երևանցին սիրի իրենց:
«Մենակ քո սեր բացատրելով չի, երևանցին միշտ հպարտ վերլուծող և գործը գնահատող է եղել, ոչ թե ճառերը լսող: Մեր այս քաղաքական արհեստական փոթորիկն ամբողջ երկրին է վնաս տալիս, արդյունավետ չեն և ոչ մի պրադուկցիա չեն տալիս»,-իր խոսքում նշեց Լևոն Իգիթյանը:
Վերջինս նշեց, որ այս 25 տարվա ընթացքում ճառեր ասողները այնքան գործ են կուտակել, որ հիմա գործը թողած ճառ են ասում:
«Հիմա ժամանակն է քարեր շաղ տալը վերջ տանք: Սա մեր վերջին մայրաքաղաքն է, 11-ը կորցրել ենք»,-իր խոսքում նշեց Լևոն Իգիթյանը:
Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի ֆոտոշարքը` Կենտրոն վարչական շրջանից: