«Բարև, Երևան» դաշինքը արդեն պատրաստել է հանցագործության մասին հաղորդում և րոպեներ անց այն կներկայացնի իրավապահ մարմիններին, համաձայն որի՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը զրպարտչական տեղեկություններ է տարածել «Ժառանգություն» կուսակցության և «Բարև, Երևան» դաշինքի հասցեին: Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Հաղորդում հանցագործության մասին, մենք այն կներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ հերթական զրպարտչական լուրերը տարածելու համար»,- ասել է պատգամավորը: Հարցին, թե ո՞ւմ նկատմամբ է լինելու հայցը՝ ԲՀԿ-ի՞, թե՞ պատգամավորի, Փոստանջյանը պատասխանել է. «Պատգամավորի, անձի. ինքն է եղել լուրեր տարածողը»:
Հիշեցնենք, որ այսօր ասուլիսում Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր. «Եթե կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, ներողություն, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ իրենց հարց ուղղել, և բնականաբար հարցն ուղղված է «Բարև, Երևան» դաշինքին… Ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում: Եթե որևէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում եմ իրեն հրապարակային բանավեճի, ոչ թե բանավեճի, այլ փաստեր դիտարկելու, կվերցնենք այդ փաստերը, անուն առ անուն լրատվամիջոցների հետ կփորձենք պատասխանել այդ հարցին»: