ՀՀԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մինասյանի կրտսեր եղբայրը` Գրիգոր Մինասյանը YerevanNews.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ՀՀԿ ցուցակում ընդգրկվելը պայմանավորված է նրանով, որ լինելով մասնագիտությամբ իրավաբան, լավ ծանոթ է երևանցու և քաղաքապետարանի խնդիրներին:
«Իմ մասնագիտական գիտելիքները կարող եմ օգտագործել ի նպաստ մեր քաղաքացիներին, խնդիրները ցույց տալով հենց որպես ավագանու անդամ: Ես կարծում եմ, որ կարող ենք հասնել ավելի լավ արդյունքի, և կունենանք ավելի լավ Երևան»,-իր խոսքում նշեց Գրիգոր Մինասյանը:
Մեր այն հարցին, թե ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու շարժառիթը որն է եղել, Գրիգոր Մինասյանը պատասխանեց.
«ՀՀԿ-ն ինձ համար ավանադական կուսակցություն է, հայրս էլ է ՀՀԿ-ի անդամ և այդ առումով ինքն իր դերակատարություն ունի»:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք եղբայրը`Միքայել Մինասյանը այդ հարցում ևս իր ազդեցությունն ունեցել է, Գրիգոր Մինասյանը պատասխանեց.«Եղբայրս էլ միանշանակ իր ազդեցությունն ունեցել է»:
Երևանի խնդիրներից ամենաառաջինը, որ մտահոգում է երիտասարդ իրավաբանին այն է, որ երևանցի-քաղաքապետարան իրավահարաբերությունները բարելավվի:
«Խնդիրները շատ են, կուզենամ առանձնացնել այն խնդիրը, որի հետ առնչվել եմ որպես իրավաբան, դա հենց քաղաքապետարանը որպես վարչական մարմին իրավահարաբերությունն է երևանցիների հետ, ունեմ ծրագրեր, գաղափարներ, որոնք պետք է ներկայացնեմ ՀՀԿ-ի ավագանու անդամներին և կարծում եմ, որ իմ ծրագրերն ու գաղափարները համահունչ են ՀՀԿ-ի Երևան քաղաքին վերաբերող ծրագրերին»,-իր խոսքում նշեց Գրիգոր Մինասյանը:
Նշենք, որ 30-ամյա երիտասարդը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ: