ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն ամփոփելով քարոզարշավը, Տարոն Մարգարյանի շանսերը բավականին բարձր է գնահատում:
«Շփումները հասարակության հետ, ընտրողների հետ բավականին դրական են: Բնակիչները մեծ ակնկալիքներ ունեն և համոզված եմ, որ մոտակա 4 տարիների ընթացքում շատ հարցեր իրենց լուծումներ կունենան»,-YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
Մեր այն հարցին, որ արդյո՞ք վերջին շրջանում Երևան քաղաքի շինարարական աշխատանքները, բարեկարգումը կապված էին նախընտրական քարոզարշավի հետ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն ասաց.
«Եթե մայիսից-մայիս հաշվենք, ապա ստացվում է, որ սա արդեն երրորդ ընտրություններն ենք անցկացնում` երկուսը համապետական և 1-ը համայնքային: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն այս մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանը ընդհանրապես ոչ մի բանով չպետք է զբաղվեր, եթե չզբաղվեր, այդ դեպքում պետք է ասեին, որ չի զբաղվում: Հիմա քաղաքապետարանն իր գործառույթներն է իրականացնում, ստացվում է, որ շահարկումների առարկա է դառնում: Համենայնդեպս, վերջին մի քանի տարում Երևան քաղաքում զգալի բարեփումներ են տեղի ունենում, որը չտեսնել, ուղղակի, ազնիվ չէ: Ես համոզված եմ, որ մայիսի 5-ից հետո այս աշխատանքները նորից շարունակվելու են` էլ ավելի եռանդով և մեծ մասշտաբներով»: