Երկրապահ կամավորականների միության հարգելի՛ անդամներ և հյուրեր,
«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ երդման կապակցությամբ: Այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք ավելին եք, քան պարզապես պատանիներ և աղջիկներ: Դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:
Խորհրդանշական է, որ այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Հավատում եմ, որ դուք անշեղորեն շարունակելու եք Սպարապետի մեծ ու հայրենասիրական գործը: Նաև շարունակելու եք Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:
Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և արժանիորեն կրեք «Պատանի երկրապահ» անունը: Այն ոչ թե տիտղոս է, այլ՝ պարտականություն և պատասխանատվություն: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ավյունն ու եռանդը ծառայեցնեք արդար գործերի և հաջողություններ արձանագրեք ձեր բոլոր հայրենանվեր ձեռնարկներում: