«Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով մահացել էր 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, պարզվում է նախապատմություն է ունեցել: Ըստ մեր տեղեկությունների մինչ այդ վթարը Դավիթ Հայրապետյանի «BMW» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՃՈ աշխատակիցը և փորձել է տուգանել արագությունը գերազանցելու համար: Մեքենայի վարորդը, սակայն, զանգահարել է ինչ-որ մեկին և ասել, որ խոսի ՃՈ աշխատակցի հետ, որպեսզի իրեն չտուգանի: ՃՈ աշխատակիցը համաձայնել է, բայց պայմանով, որ վարորդի հետ եղած մյուս երեք հոգին իջնեն մեքենայից և ինքը մենակ գնա, քանի որ ի վիճակի չէ մեքենա վարել: Երեք հոգին իջել են մեքենայից և Դավիթը շարունակել է ճանապարհը, սակայն րոպեներ անց տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Այս տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ: Վերջինս մեր հարցերին ի պատասխան ասաց. «Առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում, իմաստը չեմ հասկանում, մեր պրակտիկայի մեջ դեո նման դեպք չի գրանցվել (որպեսզի ՃՈ աշխատակիցը 3 հոգու իջեցնի մեքենայից, իսկ վարորդին չտուգանի ու թողնի գնա-խմբ.)»,-ասաց Արսեն Արշակյանը: Վերջինիս արտահայտած զարմանքը հասկանալի է: Իսկ ո՞ւմ համարին կատարած զանգը կարող էր այդքան ազդեցիկ լինել ՃՈ աշխատակցի համար: Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդի հայրը աշխատում էր Միխայիլ Բաղդասարովի հետ, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել վերջինիս պատկանող ընկերություններից մեկում, իսկ նախկինում եղել է ճանաչված օդաչու: Ըստ որոշ տեղեկությունների նա ինչ-որ ժամանակահատվածում եղել է նախագահական ինքնաթիռի օդաչուն: Տեղեկություններ կան նաև, որ զոհված երիտասարդի հոգեհանգստին մասնակցել Է Սերժ Սարգսյանը: Այս ամենի համադրումից դժվար չէ կռահել, որ երիտասարդի ծանոթների շրջանում ոստիկանին զանգահարող և հրահանգներ տվող անձանց պակասություն չի զգացվել»,-գրել է «ՀԺ» թերթը: