«Իրավունք» թերթը գրում է.
«Վլադիմիր Գասպարյանի «հիտլերիզմը», կարծես, ճակատագրական է լինելու ներկայիս չափից ավելի խրոխտ ոստիկանապետի համար: Մեր տեղեկություններով՝ Վովա Գասպարյանի՝ «ձեռքեր կտրելու» և «ոտքեր պոկելու» բառապաշարը ոչ միայն հոգնեցրել, այլև զայրացրել է իր վերադասներին:
Միաժամանակ, Վովայի ենթակաները, որոնց մեջ կան նրանից ոչ պակաս գեներալներ, այլևս չեն ցանկանում համակերպվել նորաթուխ «ֆյուրերի» ոչ ադեկվատ պահվածքին:
Աճում է դժգոհությունը նաև ոստիկանության սպայական շրջանում, որտեղ չեն ցանկանում, որ իրենց այս աստիճանի ստորացնեն, հետո էլ այդ «թատրոնը» ցուցադրեն հեռուստատեսությամբ:
Բազմաթիվ փորձառու կադրեր կամ հեռացել են համակարգից, կամ էլ պատրաստվում են դա անել օր առաջ, քանի դեռ չեն բախվել իրենց «ֆյուրերի» ֆեոդալական կամայականություններին:
Ի դեպ, վերջին կաթիլը դարձան վերջին կադրային փոփոխությունները, որոնց ընթացքում իրենց պաշտոններից հեռացվողները ոստիկանապետից «կադրից դուրս» այնպիսի արտահայտություններ լսեցին, որ էկրանից ֆշշացվող «վհուկները» և «երևույթները» քնքշանքի նման են հնչում:
Իրենց շեֆի «սուպերմենությունը» փոխանցվում է նաև իր ենթականերից ոմանց, որոնք էլ իրենց հերթին են բերանները բացում իրենց ենթակաների վրա, և վերջապես այդ ալիքը հասնում է քաղաքացիների հետ ոստիակնների շփումներին՝ առաջ բերելով մեր համաքաղաքցիների համատարած ու աճող դժգոհությունը:
Մի խոսքով, այս անառողջ կծիկը հասել է այն աստիճանի, որ իշխանության միջանցքներում ավելի ու ավելի համառ լուրեր են տարածվում ոստիկանապետի մոտալուտ պաշտոնանկության մասին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: