«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ:
Մինչև վերջերս թվում էր, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար հիմնական պայքարը ընթանալու է իշխանությունների հովանավորությունը վայելող չորս խմբերի միջև:
Դրանք են՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սակայն կենացները գնալով քաղցրանում են: Նախ` հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ առաջին անգամ գյումրեցիներն իրենց քաղաքապետին ուղղակի չընտրեն: ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Գյումրիում ևս, ինչպես Երևանում, կընտրվի ավագանի, որի մեծամասնությունն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին:
Օրերս էլ քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, հնարավոր է, նույնպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվի: Սակայն ընտրությունների ձևի փոփոխությունը նրա ծրագրերը լրջորեն վտանգել է: Նոր կարգի համաձայն` ավագանու ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները` ավագանու անդամների թեկնածուների իրենց ցուցակներով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: