«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ընդամենը 4 օրից՝ մարտի 13-ին, պաշտոնապես կմեկնարկեն ապրիլի 17-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումները:
Մարտի 18-ից հետո արդեն հայտնի կլինեն գրանցված թեկնածուների անունները, իսկ մարտի 30-ից կմեկնարկի քարոզարշավը՝ շարունակվելով մինչ ապրիլի 15-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ սպասվում են Սյունիքում (4 գյուղ),Կոտայքում (քաղաք Հրազդան և Բյուրեղավան, ինչպես նաև 3 գյուղ),Գեղարքունիքում (2 գյուղ), Արագածոտնում (քաղաք Թալին և մեկ գյուղ), Արմավիրում (10 գյուղ), Արարատում (5 գյուղ), Վայոց Ձորում (1 գյուղ), Լոռիում (4 գյուղ և Սպիտակ քաղաք):
Առայժմ ինտրիգային ընտրություններ կանխատեսվում են միայնՀրազդանում, թեև Սպիտակում ու Թալինում էլ օրերի ընթացքում դրանք կարող են վերածվել ինտրիգայինի, եթե ընդդիմադիր որևէ կուսակցություն գործող ՀՀԿ-ական համայնքնապետերի դեմ առաջադրվելու որոշում կայացնի:
Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին է հայտարարել գործող ՀՀԿ-ական քաղաքապետԱրամ Դանիելյանը, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից հետաքրքրվեցինք, թե է՞լ որ համայնքներում են թեկնածուներ առաջադրելու: Մոսինյանն ասաց, թե այս պահին ՏԻՄ ընտրությունների հետ կապված ընդամենը 1 որոշում ունեն՝ Հրազդանում առաջադրել Արթուր Միսակյանի թեկնածությունը: «Բայց «Հայկական վերածնունդը» ակտիվորեն մասնակցելու է ՏԻմ ընտրություններին»,- հավելեց նա: Հարցին, թե ի՞նչ է նշանակում ակտիվորեն մասնակցել՝ Մոսինյանը արձագանքեց. «Ժամանակը կգա, որոշում կլինի, այդ մասին նույնպես կտեղեկացնենք»:
Ընտրություններում թեկնածուներ առաջադրելու որոշում դեռ չկա նաև «Բարգավաճ Հայաստանում»: «Դեռ քննարկում չի եղել կուսակցությունում, կլինի՝ կտեղեկացնենք: Դեռ ժամանակ ունենք մինչև ամսի 13-ը»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Հարցին, իսկ հնարավո՞ր է առաջադրվածներից որևէ մեկին սատարելու որոշում կայացվի՝ Էլիզբարյանը պատասխանեց, որ դա ևս դեռ քննարկված չէ:
«ՏԻՄ ընտրությունների հարցով մենք հիմա զբաղվում ենք, այդ հարցը քննարկվում է, մենք մասնակցելու ենք անպայման՝ գոնե հանձնաժողովներում ներկայացվածության մակարդակով»,- այս մասին էլ մեզ հետ զրույցում հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:
Հարցին, թե թեկնածուներ չե՞ն առաջադրի՝ Աբրահամյանը պատասխանեց. «Թեկնածուներին առաջադրելու հարցն էլ կքննարկենք, ուղղակի դեռ ժամկետները չեն, կանդրադառնանք հարցին…Որոշ տեղերում գուցե ունենանք թեկնածուներ, որոշ տեղերում պաշտպանենք որոշ թեկնածուների, բայց էդ հարցը դեռ վերջնական չենք քննարկել: Հիմա մեր տարածքային կառույցներին հանձնարարված է, իրենք մեզ պիտի առաջարկություններ բերեն: Տեղական ընտրությունները նախևառաջ տեղական կառույցների խնդիրն է և մենք ամբողջությամբ հիմնվելու ենք իրենց առաջարկությունների վրա: Երբ որ կբերեն՝ այն ժամանակ կհրապարակենք»,- ասաց պարոն Աբրահամյանը:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս պահին մի բան է հստակ. «Ընտրությունների ժամանակ մեր հնարավորության չափով ամեն բան անելու ենք, որ մեր հանձնաժողովի անդամները գործեն: Իսկ առաջադրումների և սատարումների մասով դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ քննարկումներ կան, սակայն վերջնական որոշում չկա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: