Վրացի գործարար Թամազ Գաիաշվիլիին, ով «Georgian airways» ավիաընկերության սեփականատերն է, որը ժամանակին Վրաստանի հիմնական ավիափոխադրողներից մեկն էր, ներկայումս կանգնած է ֆինանսական, իրավական և կոմերցիոն լուրջ խնդիրների առաջ, ինչի արդյունքում կազմակերպությանը սպառնում է սնանկ ճանաչվելու վտանգը: Հայտնի է որ, Թամազ Գաիաշվիլու ղեկավարած ավիաընկերությունը մրցունակությամբ զիջելով դեպի Վրաստան և հակառակը թռիչքներ իրականացնող տեղական և օտարերկրյան կազմակերպություններին, վերջին տարիներին հայտնվել է անլուծելի խնդիրների փակուղում ինչը, ըստ մասնագետների, պատճառ է կառավարման և կոմերցիոն անփույտության ու անպատասխանատվության։
Մարտի 9-ին Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում Վրացի գործարար Թամազ Գաիաշվիլին իր հայաստանյան գործընկերների հետ միասին հայտարարեց նոր հայկական ուղևորափոխադրող ավիաընկերության հիմնադրման մասին, որտեղ առկա է նաև վրացական կողմի կապիտալը։ Մամուլի ասուլիսի հիմնական խոսնակն էր Թամազ Գաիաշվիլին, ով իր խոսքը կառուցել էր հիմնականում ՀՀ կառավարությանն ուղղված պահանջներով և նախապես տարածված ու չհիմնավորված գնային քաղաքականության վրա։ «Գներն արդեն հրապարակել ենք՝ 49 դոլար կլինի նվազագույնը»- ասուլիսի ընթացքում ասաց «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին և հավելեց, որ գները կլինեն այնպիսին, որ հայերն առանց խնդիրների կկարողանան տոմսեր գնել և թռչել այնտեղ, որտեղ ուզում են:
«Այնպիսի ծառայություն կմատուցենք, որ մրցունակ լինենք մյուս ավիաընկերությունների հետ»: Թամազ Գաիաշվիլին նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն իրենց:
«Արմենիա» ավիաընկերությունը ներկայացնող բանախոսները հստակորեն նշեցին այն բոլոր ուղղությունները, որոնցով պատրաստվում են թռիչքներ իրականացնել: Դրանք են՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա և այլ քաղաքներ, Թեհրան, Պրահա, Թել-Ավիվ, Կիև, Մինսկ և այլն:
Դեպի Թիֆլիս և հակառակ ուղղություններով էժան թռիչքներ իրականացնելու փաստը հայաստանցիներին ստիպում է հաճախ օգտվել Թիֆլիսի օդանավակայանի ծառայություններից, հարևան Վրաստանում ավիատոմսերի գները, համեմատած Հայաստանի, որոշ ուղություններում էժան են մոտ 25-30 տոկոսով: Բայց քչերը գիտեն, որ Վրաստանում էժան ավիատոմսերով չվերթներ իրականացնում են հիմնականում թուրքական ու մի քանի եվրոպական ավիաընկերությունները: Իսկ վրացական փոխադրողների առաջարկած ուղղությունները պարզապես հետաքրքիր չեն հայերին. այսինքն չեն իրականացնում թռիչքներ դեպի հայերին հարմար կամ ցանկալի Եվրոպական քաղաքներ: Իսկ Թիֆլիսից դեպի ՌԴ իրականացվող թռիչքներն իրականացվում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները:
Արդեն հայտարարված ամառային չվացուցակի համաձայն Վրաստանից դեպի Մոսկվա օրական իրականացվող թռիչքների 5-ից 3-ը իրականացնելու են ռուսական ավիափոխադրողները: Ի դեպ Երևանից դեպի Մոսկվա ռուսական ավիաընկերությունների կողմից իրականացվում է օրական 11 թռիչք: Այս պարագայում նոր ավիաընկերությությունները հայկական շուկայում ունեն ուժեղ մրցակից ի դեմս ռուսական ընկերությունների։
Փաստացի Վրացական երկնքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, մասնավորապես, անհասկանալի է վրացական ավիաընկերությունների ֆինանսական կարգավիճակը և ճակատագիրը։
Իրականությունը այն է որ, «Turkish airlines»-ը, որը հանդիսանում է եվրոպական խոշոր ավիափոխադրողներից մեկը, գրավել է վրացական ավիաշուկան: Հետևաբար, Վրաստանից դեպի Եվրոպա մեկնող մեր հայրենակիցներն օգտվում են ոչ թե վրացական, այլ թուրքական ավիաընկերությունների ծառայություններից: «Georgian airways» ավիաընկերությունն այսօրվա դրությամբ իրականացնում է ընդամենը մեկ թռիչք դեպի Մոսկվա: Իսկ հիմնական ուղղությունն է դեպի Թել-Ավիվ:
Անդրադառնալով հրապարակված նվազագույն 49 դոլար տոմսի արժեքին, պետք է նշենք, որ դա ընդամենն այն գինն է, որը «Արմենիա» ավիաընկերությունը վճարելու է «Զվարթնոց» օդանավակայանին: Իսկ դրան գումարվելու են «օդի փողը», ինքնաթիռի վարձակալության գումարը, վառելանյութի արժեքը, դեպի Ռուսաստան չվերթներ կատարելիս` նաև Ռոսնավիգացիային վճարվող գումարը, անձնակազմի և սպասարկման գումարը, որի մեջ մտնում է օդանավում տրվող սնունդը, հետագայում անձնակազմի վերապատրաստում և այլն: Նշված պարտադիր վճարների հանրագումարն ավելացնելով` կարող ենք գալ շատ պարզ եզրահանգման, որ հրապարակված տոմսարժեքի գումարն ընդամենը հասարակությանն ուղղված PR-մարքեթինգային սուտ է: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ խաբկանքը, դեռևս գիտեն միայն «Արմենիա» ավիաընկերության բաժնետերերը: Ասուլիսի ընթացքում բանախոսները նաև նշեցին, որ նվազագույն արժեքով տոմսեր ձեռք բերելու համար պետք է երկու ամիս առաջ պատվիրել: Չի բացառվում, որ նախապես տոմսեր ձեռք բերած մեր հայրենակիցները հայտնվեն խաբվածի դերում:
Ստացվում է այնպես, որ սնանկացման գնացող կազմակերպությունը որպես փրկօղակ կառչում է Հայաստանում ավիացիայի ոլորտում առկա անորոշությունից: Դժվար չէ ենթադրել, որ «Georgian airways» ավիաընկերության սեփականատերը գալիս է Հայաստան մարդկանց «քցելու» միջոցով իր ունեցվածքի մի մասը սննկացումից փրկելու կամ ապահովագրության նկատառումներով օդանավերից մեկը կամ երկուսը ժամանակավոր Հայաստան տեղաոխելու նպատակով: Այլ պատճառներ պարզապես չեն կարող լինել, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանին վճարվող տուրքերը կրկնակի բարձր են, քան Թիֆլիսի միջազգային օդանավակայանինը:
Նավթը Հայաստանում 170 դոլարով թանկ է, քան Վրաստանում, իսկ Թամազ Գաիաշվիլիի կողմից նշված ուղղություններով ուղևորափոխադրման կամ տուրիստների հոսքը Վրաստան չորս անգամ ավելի մեծ է, քան դեպի Հայաստան:
Փաստն այն է, որ «Արմենիա» ավիաընկերությունը պատրաստվում է շատ կասկածելի և վտանգավոր գործընթաց ծավալել Հայաստանում: