ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 16-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 1969թ. ծնված Համլետ Ռաֆիկի Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Վերջինս տևական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են:
Համլետ Ղազարյանի անօրինական գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր, առաջացնելով ինչպես համայնքների բնակիչների, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ Զինված ՈՒժերի հրամանատարության արդարացի զայրույթը:
Կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում, Համլետ Ղազարյանը հանդիպելով զինվորների ծնողներին՝ յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 ՀՀ դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ ոչ միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաև վարկաբեկել ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերին:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Համլետ Ղազարյանի անօրինական գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել՝ 010-57-94-07 և 011-52-95-56 հեռախոսահամարներով, կամ դիմել ԱԱԾ Քննչական վարչություն: