Արդեն մի քանի օր է սպասում եմ, որ գոնե մեկը կգտնվի, որ ասի. «Տիկին Սեդա Ազնավուր, այլևս Ձեր հոր անունը Ձեր ամբիցիաներին տուրք տալով` մի՛ հոլովեք»: Սկսեմ սկզբից. ամենահայի` Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, բաց նամակ էր հղել ՀՀ Նախագահին, թե ազատ արձակեք դերասան Վարդան Պետրոսյանին: Հիմա էլ նամակն անպատասխան է մնացել ու այս տիկինը կատաղել ու մատ է թափ տալիս` շեշտելով. «Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից»: Չեմ քաղաքականացնում, ոչ էլ պատրաստվում եմ ինչ-որ մեկին պաշտպանել, բայց առաջարկում եմ տիկին Ազնավուրին նայել չարաբաստիկ վրաերթի պատճառով զոհված Էդգար և Էդուարդ Հակոբյանների ծնողների ու հարազատների աչքերի մեջ ու կրկնել, որ Վ. Պետրոսյանը պետք է ազատության մեջ լինի, որովհետև մեծ մտավորական է ու սիրված դերասան, իսկ դուք ձեր վշտով ոնց ուզում եք տապակվեք:
Այո, ոչ ոք չի ժխտում Պետրոսյանի տաղանդն ու սիրված լինելը, տեղի ունեցածն էլ որակվում է բացառապես ողբերգություն, ու դրա համար էլ հնարավոր բոլոր բարենպաստ պայմաններն ապահոված են Վ. Պետրոսյանի և ստեղծագործելու, և հնարավորինս մեղմ ու բարենպաստ պայմաններում անցկացնելու դատավճռով որոշված տարիները: Էլ ի՞նչ աներ ՀՀ Նախագահը, որ տիկին Ազնավուրը գոհ մնար, իսկ կա՞ երաշխիք, որ հակառակ պարագայում նույն Ս. Ազնավուրը կամ իր նման լալահառաչ մտավորականներ չէին ասի, որ դատական իշխանության ու Նախագահի` ուսերին ծանրացած է մնալու երկու պատանիների մահվան մեղքը: Հանրությունը միամիտ չի, էն ժամանակ էլ պիտի ասեին` մարդասպան եք...
Ամո՛թ է, երկու կյանք խեղվեց, ընտանիքի վիշտը չի սպիանալու, գոռալու փոխարեն, շշուկով է պետք խոսել այս մասին: Ու հանգիստ թողեք Վարդան Պետրոսյանին, երկու կյանքի դիմաց 5 տարի անազատությունը առ ոչինչ է: Տոկունություն ու համբերություն եմ մաղթում տաղանդաշատ Վ. Պետրոսյանին, մի քիչ խելք եմ մաղթում Սեդա Ազնավուրին (որպես երգչուհի ու արվեստագետ մի առավելություն ունի` Շառլ Ազնավուրի դուստրն է) և օբյեկտիվ դատելու կարողություն այս թեման շահարկողներին:
Սաֆարյան Հրանտ