1. Համակրանք

Համակրանքը մարդու դրական հակազդեցությունն է իրեն հաճելի մարդուն: Համակրանքը ձեւավորվում է ծանոթության բառացիորեն առաջին րոպեներին եւ վերաբերում է հիմնականում այն ասպեկտներին, որոնք հեշտորեն հնարավոր է գնահատել: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական գրավչությունը, ոճային եւ լավ ընտրված հագուստը, շահերի ընդհանրությունը, հեշտորեն նպաստում են համակրանքի առաջացմանը:
Որեւէ մարդու հանդեպ համակրանքի առկայությունը դեռեւս չի նշանակում, թե դուք նրա հետ սերտ շփում կհաստատեք: Բայց առանց համակրանքի, անհնար է խոսել հարաբերությունների շարունակման մասին:


2. Սիրահարվածություն

Սիրահարվածությունը համակրանքից է ծնվում: Սակայն այդ զգացումն առավել ուժեղ հուզական գունավորում ունի: Սիրահարվածությունը միշտ հույզերի պայթյուն է: Երբ սիրահարված եք, ձեր արյան մեջ ադրենալինն ասես եռում է: Դուք սկսում եք նկատել, որ ձեր անձի հետ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Հարցն այն է, որ սիրահարվածի հիմնական խնդիրը զուգընկերոջը դուր գալն է: Եվ այստեղ բոլոր միջոցները թույլատրելի են: Սիրահարվածությունը ձեզ երբեմն ստիպում է այնպիսի արարքներ գործել, որոնք դատողությունը երբեք թույլ չէր տա: Աղջիկները փորձարկումներ են անում իրենց արտաքինի հետ: Իդեալական կերպարի ձգտելով` նրանք կարող են անճանաչելիության աստիճան փոխել իրենց: Եվ այդ ամենը հանուն այն բանի, որ ավելի մոտ լինեն իրենց ձգտումների առարկային: Երիտասարդները փորձում են ասպետի դերը եւ ջանում են ամեն ինչ անել, որ իրենց ընտրյալը կարողանա իրեն իսկական արքայադուստր զգալ: Սիրահարվածությունը պահանջկոտ զգացում է: Իր բնույթով այն բավականին եսասիրական է: Չէ որ եթե մի կողմ դնենք բոլոր քաղցր-մեղցր զգացումները, կտեսնենք, որ սիրահարվածության հետեւում թաքնված է մարդու` սիրված լինելու հուսահատ ձգտումը: Եվ որքան էլ ցինիկ է հնչում դա, սիրահարվածը փաստացիորեն օգտագործում է իր զուգընկերոջը իր պահանջմունքների բավարարման համար: Սիրահարվածները գրեթե միշտ ստիպված են իրարից սիրո ապացույցներ պահանջել (նվերներ, համատեղ ժամանց եւ այլն): Հենց որ զուգընկերներից որեւէ մեկը նահանջի այդ չգրված կանոններից, անմիջապես վիրավորանքներ են սկսվում: Երիտասարդը երեկոյան չի զանգել իր ընկերուհուն:

Իսկ նախկինում երբեք չէր մոռանում: Կամ էլ ավելի լուրջ վրիպում է թույլ տվել. մոռացել է նրա ծննդյան օրը եւ չի շնորհավորել: Աղջիկը տրանսի մեջ է ընկնում եւ արդեն պատրաստ է հավատալ, ոչ նա իրեն էլ չի սիրում: «Վրիպակների» ձեւերը տարբեր կարող են լինել: Սիրահարվածությունն ի վիճակի է մեծ քանակությամբ «ստեղծել» դրանք: Եվ իր «մեղքը» հարթելու համար տուգանված զուգընկերը պիտի սիրելի կնոջը կամ տղամարդուն իր սիրո նորանոր ապացույցներ ներկայացնի: Սիրահարվածությունը, ըստ էության, երբեք հանգստության եւ ներքին ներդաշնակության զգացում չի տալիս: Սիրահարվածն ասես անընդհատ մասնակցում է «ամերիկյան բլուրների» ատրակցիոնի. նա կամ շատ լավ է զգում իրեն, կամ `շատ վատ: Սիրահարվածությունը ձեզ միշտ լարման մեջ կպահի, եւ դուք ստիպված կլինեք անընդհատ գնահատել ձեր զուգընկերոջ պահվածքը: Էրիխ Ֆրոմն իր «Սիրո արվեստը» գրքում սիրահարվածության ապշեցնելու աստիճան հստակ սահմանում է ներկայացնում. «Չհասունացած սերն ասում է. «Ես քեզ սիրում եմ, որովհետեւ քո կարիքն ունեմ»:

Մեկ այլ մարդու, որպես սիրո պահանջմունքի բավարարման միջոցի կարիքը. ահա սիրահարվածության անկյունաքարը: Սիրահարվածները տրամադրված են ստանալու: Աջակցություն ստանալ, ուշադրություն, քնքշանք, հոգատարություն: Բայց այ տալու պատրաստ չեն:

3. Սեր

Էրիխ Ֆրոմից վերոհիշյալ մեջբերումը շարունակություն էլ ունի: Եվ այն վերաբերում է իսկական սիրո զգացման նկարագրությանը. «Հասուն սերն ասում է. «Ես քո կարիքն ունեմ, որովհետեւ սիրում եմ քեզ»: Սերը սիրահարվածությունից է աճում, բայց դրա հետ շատ քիչ ընդհանուր բան ունի: Իսկական սերը տրամադրված է տալու: Սիրող մարդը չի կարող լավ զգալ, եթե նա, ում սիրում է, իրեն վատ է զգում: Իսկական սերն անկեղծ է եւ անշահախնդիր: Այն իր զուգընկերոջից սիրո շարունակական ապացույցներ չի պահանջում: Այն պահանջներ առաջ չի քաշում եւ պայմաններ չի դնում: Սիրող մարդն ի վիճակի է իր զուգընկերոջն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Արժե նշել, որ իսկական սերը կույր չէ: Այն տեսնում է զուգընկերոջ թերությունները, բայց դրանց հարգանքով է վերաբերվում:

Որովհետեւ սիրող մարդը ջանում է ընկալել իր զուգընկերոջ անհատականությունը եւ ճանաչել նրա բնավորության մանրագույն առանձնահատկությունները: Իսկ սիրահարվածությունը նման ճանաչողության չի ձգտում: Այն չափազանց տարված է իրենով` իր զգացմունքներով եւ ապրումներով: Իսկ սիրահարվածն իր սիրելի տղամարդուն կամ կնոջը տեսնում է միայն սեփական աշխարհընկալման պրիզմայով: Բայց մարդիկ այնքան տարբեր են: Եվ ստացվում է, որ որոշ ժամանակից սիրահարվածությունն անցնում է եւ երկու զուգընկերն էլ հասկանում են, որ իրենք լիովին օտար մարդիկ են: Չէ որ նրանցից յուրաքանչյուրը մյուսի մեջ տեսել է ոչ թե իրական անհատականությունը, այլ ընդամենը անհատի այն իդեալական կերպարը, որը ձեւավորվել էր նրա գլխում: Այն խոսքը, որն ասում է, թե ում ասես, հնարավոր է սիրել, իզուր չի ստեղծվել: Սակայն խոսքն այստեղ ոչ թե սիրո, այլ սիրահարվածության մասին է: Մարդու համար բավականին հեշտ է ստուգել սեփական զգացմունքները, եթե հստակորեն հասկանա համակրանքի, սիրահարվածության եւ սիրո միջեւ տարբերությունները:

  • Եթե զուգընկերոջ հետ շփման մեջ ձեզ ավելի շատ է դուր գալիս խոսել ձեր եւ ձեր հաջողությունների մասին, դա համակրանք է կամ սիրահարվածություն: Իսկ եթե դուք տրամադրված են ճանաչելու ձեր զուգընկերոջ անհատականությունը, դա սեր է:
  • Եթե դուք անընդհատ զուգընկերոջից սիրո ապացույցներ` նվերներ, մեծ ուշադրություն, հոգատարություն եւ այլն ստանալու կարիք ունեք, դա սիրահարվածություն է: Սերն ինքնաբավ է եւ ընտրյալից ոչ մի զոհաբերություն չի պահանջում:
  • Սիրող մարդը տրամադրված է տալու: Նրա համար կարեւոր է իր ներդրումը զուգընկերոջ անձի զարգացման գործում: Իսկ սիրահարվածը, ընդհակառակը, կջանա իր զուգընկերոջից ստանալ այն ամենը, ինչ նա կարող է տալ (համբավ, սոցիալական կարգավիճակ, նյութական բարիքներ, եւ այլն): Որպես ամփոփում կուզեինք նշել, որ համակրելու եւ սիրահարվելու կարողությունը մատչելի է բոլորին: Բայց միայն հուզականորեն հասուն անհատականությունը կարող է լիովին ըմբռնել սիրո արվեստը: