Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատուն «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն է. բռնարարքների իրականացման եղանակը, ընտրված թիրախները և ժամանակահատվածը միանշանակորեն հաստատում են հենց ԻՊ-ի ձեռագիրը (կառույցն արդենիսկ ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը): Այս գործողություններն, ինչպես նաև մարտի 19-ին Ստամբուլում գրանցված պայթյունը, 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած բռնարարքները միևնույն շղթայի տարբեր օղակներ են, որոնք համակցված են վերջին մի քանի ամիսների ընթացքում ձևավորված մի շարք իրավիճակային գործոններով:
Նախ և առաջ, պետք է նշել, որ ահաբեկչական սպառնալիքը ժամանակակից աշխարհում հասել է աննախադեպ բարձր մակարդակի. դրա հիմնական պատճառը՝ մերձավորարևելյան արդի գործընթացներով և հատկապես «Իսլամական պետության» գործոնով պայմանավորված ծայրահեղական գաղափարների լայն տարածումն ու դրանց առարկայացման եղանակներն են ամբողջ աշխարհում:
Մյուս կողմից՝ ահաբեկչական սպառնալիքի աճը պայմանանվորված է նաև ԻՊ-ի մարտավարության մեջ տեղ գտած նոր իրողություններով: Ինչպես գիտենք, վերջին շրջանում ծայրահեղական կառույցը լուրջ կորուստներ է կրում ինչպես մարդկային, ենթակառուցվածքների, այնպես էլ՝ տարածքների առումով: Ստեղծված նոր իրավիճակում, այլևս անգամ ունակ չլինելով պահպանել Իրաքում և Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, կազմակերպությունը գնում է մարտավարական շրջադարձային փոփոխության, ասել է, թե՝ ակտիվացնում է վերջին 2 տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ձևավորված բջիջներն ու ցանցերը՝ մահապարտ ահաբեկիչների միջոցով հարձակումներ իրականացնելով հատկապես այն ուղղություններում, որոնք կարող են առավել լայն հոգեբանական և քարոզչական արձագանք ապահովել:
Հենց այս համատեքստում կարելի է դիտարկել նաև Բրյուսելի ընտրությունը, ինչը պայմանավորված է հետևյալ գործոններով՝
1. Նախ՝ Բելգիայում ավադաբար գործում է բավական մեծաքանակ արաբամուսուլմանական համայնք, որի հազարավոր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում մեկնեցին Մերձավոր Արևելք՝ մասնակից դառնալով Իրաքում և Սիրիայում ծավալվող «ջիհադական պայքարին». նաև այս իրողությունը նպաստեց նրան, որ Բելգիայում ժամանակի ընթացքում ձևավորվի կազմակերպչական և ֆունկցիոնալ տեսանկյունից բավական կայացած ցանց, որը նախ կազմակերպում էր իսլամականների հավաքագրումն ու «գործուղումը» դեպի Իրաք և Սիրիա, իսկ հետագայում արդեն՝ ծրագրում էր Եվրոպայում, անհրաժեշտության դեպքում, ահաբեկչական հարձակումների իրականացման հնարավորությունը (փարիզյան գործողությունները ևս կազմակերպվել էին Բելգիայի տարածքում):
2. Հաջորդ կարևոր իրողությունը բելգիական հատուկ ծառայությունների գործողություններում արձանագրվող թերացումներն են. վերջին 5 տարիների ընթացքում քանակային առումով ամենաշատ ահաբեկչական գործողությունները գրանցվել են հենց Բելգիայի տարածքում: Բացի այդ, ինչպես միջազգային նշանակության, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների գրեթե բոլոր հատուկ ծառայությունները մշտապես ահազանգել են Բելգիայում ահաբեկչական գործողությունների բավական բարձր աստիճանի սպառնալիքի մասին:
3. Եվ, թերևս, ամենակարևորը, ԻՊ-ի կողմից Բրյուսելի ընտրությունը կարևոր էր հենց քարոզչական և հոգեբանական տեսանկյունից: Այն հանդիսանում է ինչպես ԵՄ-ի մայրաքաղաքն, այնպես էլ՝ «ՆԱՏՕ-ի» կետրոնակայանը: Այստեղ ահաբեկչական հարձակումներ իրականացնելով՝ ծայրահեղական կառույցն ուղղակիորեն պատասխանում է Սիրիայի և Իրաքի տարածքներում իր դեմ պայքար մղող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիային:
Հ.Գ. Միջազգային ահաբեկչությունը մերօրյա աշխարհի անվտանգությանը և ողջ միջազգային հանրությանն սպառնացող լրջագույն քրեական բնույթի միջազգային հանցագործության տեսակ է, որից, ըստ էության, ապահովագրված չէ որևէ երկիր և ոչ մի ժողովուրդ՝ անկախ անվտանգային միջավայրի կայացվածության մակարդակից:
Խորին ցավակցությունս եմ հայտնում բարեկամ բելգիացի ժողովրդին, սա հարված էր՝ ուղղված ողջ քաղաքակիրթ մարդկության դեմ...
Արմեն Պետրոսյան