Մահացել է հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985թ.), Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982թ.) Գեղամ Գրիգորյանը։
Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին։
1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի«Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետևում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։
1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։
Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։
Հիշեցնենք, որ Tert.am-ը 2015թ.-ին հարցազրույց էր ունեցել օպերային երգչի հետ, որը ներկայացնում ենք ստորև։
Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի, օպերա լսող մարդը չի սպանի, չի թալանի. Գեղամ Գրիգորյան
Զրույց Օպերայի և Բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ` թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժորի, խնդիրների, ծրագրերի ու կյանքի մասին։
Աշխարհահռչակ տենորին հանդիպեցի «Կազիրյոկ» («Հռիփսիմե») սրճարանում: Ճիշտ ու ճիշտ Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի առջև, որտեղ վերջերս ժողովրդական արտիստը վերանշանակվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:
Այս սրճարանը հայտնի է որպես արվեստագետների հավաքատեղի երկար տարիներ, և մեր զրույցը ինքնըստինքյան սկսվեց Երևանով, երևանցիով, գյուղից քաղաք եկած ու քաղաքային մշակույթը իրենցը չդարձրած մարդկանց մասին բարձր մտորումներով, անհանգստությամբ, բայց և մեծ ուրախությամբ, քանի որ Երևանի մասին մտորումները Գեղամ Գրիգորյանին տարան մանկության գիրկը և նա ոգևորությամբ նկարագրեց, թե ինչպես էին ընկերներով սամակատակ քշում Պլանի գլխից մինչև Հրապարակ, ինչպես էին տարբեր բակային խաղեր խաղում ընկերների հետ, և անհանգստություն այսօրվա երեխաների ապագայով. «Ախր, կոմպյուտերի առջև են և ոչ բակում…»:
Իր փոքր որդու դպրոցը վերջերս փոխել է. «Գալիս ասում էր` սա էս ունի, էն մեկը էսպիսի հեռախոս ունի: Փոխեցի դպրոցը: Չեմ սիրում նման բաներ: Մարդը պիտի ուրիշ արժեքներ ունենա»:
Մաեստրոն իր արժեքներն է ստեղծել ու 40-ից ավել տարիներ աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում` Էնրիկո Կառուզոյի, Լուչիանաո Պավարոտիի, Պլաչիտո Դոմինգոյի հետ:
«Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր չեն ճանաչում ու չեն գնահատում այն, որ այսօր ապրում, ստեղծագործում ու ուսուցանում եք մեր կողքին, մեր թատրոնում»,- ասում եմ նրան:
«Ճիշտ եք: Բայց ես սիրում եմ աշխատել և ոչ խոսել: Ինձ առանձնապես չեն հետաքրքրում խոսակցությունները, ես գործի մարդ եմ»,- ասում է աշխարհի լավագույն օպերային թատրոններում աշխատած արտիստը, ավելացնելով, որ հեռուստատեսությամբ տեսնում է օպերաներ, համերգներ, բայց գրեթե միշտ օտարերկրացիների կատարումներ ու նկարահանումներ են, իսկ ինքն արխիվ ունի, եթե որևէ հեռուստատեսություն հետաքրքրվի հաճույքով կտրամադրի:
Գեղամ Գրիգորյանն ասում է, որ թատերաշրջանն աշխատատար է լինելու` նոր, ազգությամբ իտալացի գլխավոր դիրիժորի հետ համագործակցությամբ: Նաև նորանշանակ պրոդյուսեր, որը կզբաղվի արտերկրից բարձրակարգ երգիչների, բալետի արտիստների հրավերներով:
Նոր ներկայացումներ են բեմադրվելու` Բելինիի «Նորմա», Պուչինիի «Տոսկա», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուրը», վերաբեմադրվելու են ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած որոշ ներկայացումներ: Կարևոր է երեխաների մեջ հետաքրքրություն ու սեր առաջացնելը դեպի օպերային արվեստը` Սոֆա Ազնավուրյանի «Չի կարելի» մանկական օպերան է բեմադրվելու հատուկ փոքրիկ հանդիսատեսի համար:
Թատրոնում գեղարվեստական ղեկավարին ամենաշատն անհանգստացնում է ու խանգարում այն, որ բեմը շատ հաճախ վարձով է տրվում և, եթե ուրիշ երկրներում երեք տարի առաջ կազմվում է խաղացանկ, այսօր մեր թատրոնը նույնիսկ երկու ամիս առաջ է դժվարանում անել այդ:
«Ես թողնելով 2004-ին մշտական բնույթ կրող բեմելներս դրսում՝ եկա թատրոն, որովհետև ուզում էի ու ուզում եմ հպարտանանք մեր թատրոնով: Պետք է արվեստը ամեն ինչից վեր դասել, մի կողմ թողնել «ես»-ը, մի կողմ թողնել հարստանալու մոլուցքը: Մարդկանց կուլտուրան զարգացնելն է կարևորը: Ես, եթե հիմա ավելի խիստ ձևով որոշեմ փոփոխություններ անել թատրոնում, բոլորը իրենց օգուտը կկարևորեն, այլ ոչ այն, ինչը կօգնի թատրոնին զարգանալ»,– ասում է նա:
Հայաստան վերջին տարիներին հաճախ հրավիրվող, մեծանուն երաժիշտները Գեղամ Գրիգորյանի ընկերներ, կոլեգաներն են, որոնց հետ տենորն աշխատել է աշխարհի ամենանշանավոր թատրոններում: Այսօր, երբ իր ընկերները գալիս են Հայաստան, նա ուրախանում է, հրավիրում իր տուն, իր ձեռքով համեղ, հայկական կերակրատեսակներ պատրաստում, սակայն հոգու խորքում նեղվում է` չէ՞ որ մեր երկրի նման բյուջեի համար մեծ ծախս են այն աստղաբաշխական գումարները, որոնք տրվում են այս արտիստներին. «Նախ ես իրենց հետ կարող եմ լրիվ այլ, շատ ավելի մատչելի գումարի մասին պայմանավորվել և, երկրորդը, այս արտիստներից պետք է ավելին քաղել` միայն լսելով չէ, պետք է վարպետության դասեր կազմակերպել, որպեսզի երիտասարդ երգիչները հնարավորություն ունենան շփվելու, զարգանալու»:
Այս մտորումները վաղուց հանգիստ չեն տալիս մեծանուն երգչին, սակայն նա չի սիրում փնթփնթալ ու վատաբանել, փոխարենը արդեն մի քանի տարի է ինչ ձեռնարկել է Օպերային արվեստի միջազգային ակադեմիայի ստեղծումը, որտեղ ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից եկած ուսանողների բարձրակարգ ուսումը կապահովեն ճանաչված մասնագետներ։
Եվ ինքն ու իր ընկերները, ովքեր հայտնի են աշխարհին, որպես օպերային արվեստի կարկառուն ներկայացուցիչներ, կկրթեն ու կփոխանցեն իրենց գիտելիքները նոր հաստատությունում: Շենքը ունենալու է ոչ միայն հարմարավետ հանրակացարան, այլև 1500 հանդիսատեսի համար նախատեսված բացօթյա դահլիճ, որը Հայաստանին հնարավորություն կընձեռի Եվրոպական երկրների նման, ամռան ամիսներին, անցկացնել միջազգային փառատոններ։
Սեպտեմբերի 4-ին, օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայան և Գեղամ Գրիգորյանը հանդիսատեսին հրավիրում են համերգի, որի հասույթը կտրամադրվի Օպերային արվեստի միջազգային ակադեմիայի շինարարական աշխատանքներին։ Միջոցառմանը ելույթ կունենան նաև հրավիրյալ այլ ճանաչված արտիստներ:
«Մեզ մոտ կրթություն կստանան օպերային երգիչներից բացի, դիրիժորներ, երաժշտական թատրոնի ռեժիսորներ, նկարիչներ, կարճ ասած՝ օպերային թատրոնի հետ կապ ունեցող երիտասարդ արվեստագետներ։ Ակադեմիան սիրով կհյուրընկալի նաև այն երգիչներին, որոնք ընդամենը մեկ դերերգ պատրաստելու համար կդիմեն մեզ։ Ծրագրում ենք նաև անցկացնել վարպետության դասընթացներ մեծանուն վարպետներ՝ Վալերի Գերգիևի, Մարիա Գուլեգինայի, Պաատա Բուրչուլաձեի, Վլադիմիր Չերնովի մասնակցությամբ»։
Ակադեմիայի հիմնադիրը հուսով է, որ այն կօգնի աշխարհին մեր մշակութային խոսքը ասելուն, մեր օպերային արվեստի մասին բարձրաձայնելուն, որին կհետևի թե՛ տուրիստական հոսք, թե՛ ազգային Օպերայի և բալետի թատրոնի հանդեպ հետաքրքրություն` շրջագայություններ, փորձի և արտիստների փոխանակումներ:
Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստը դեղատոմս ունի երկիր մոլորակը ավելի լավը դարձնելու համար. «Պետք է մարդկանց կապել թատրոնին, արվեստին: Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի, օպերա լսող մարդը չի սպանի, չի թալանի: Ըստ այդ շղթայի, եթե մեր պետությունն այսօր նոր ներկայացումներ բեմադրելու համար գումար ավելի շատ ծախսի, վաղը բանտերում հանցագործների վրա քիչ կծախսի»: