Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19 800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին: Հավի միսը կա՛մ կվեարարտահանվի, կա՛մ կօգտահանվի, կա՛մ կոչնչացվի, այս մասին հաղորդում է ՍԱՊԾ-ն:

Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Միթ Իմփորթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել: