ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև հարուցվեցին նոր վարչական վարույթներ: Նիստի ընթացքում Հանձնաժողովը հրապարակել է նաև իր որոշումը՝ կենցաղային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Վեգա» խանութների ցանցի հանդեպ հարուցված վարույթի արդյունքների վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
«Վարույթը հարուցվել էր խանութի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Դեռևս հունվարին «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, որ սրահում ներկայացված ողջ տեսականին վաճառվում է ինքնարժեքով: ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Խանութը ինքնարժեքի մեջ ներառել է ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային և բոլոր մյուս ծախսերն ամբողջությամբ:
Մինչդեռ ապրանքի ինքնարժեք հասկացության մեջ վերոնշյալ ծախսերը չեն կարող հաշվարկվել: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը փաստում է, որ խանութում առաջարկվող ապրանքները վաճառվում են ինքնարժեքից ակնհայտորեն բարձր գնով: Տնտեսվարողը պարտավոր է գովազդի միջոցով սպառողին տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկատվություն, ինչն այս դեպքում չի արվել:
Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեգա» խանութների ցանցի հանդեպ կիրառվեց տուգանք՝ 5 միլիոն դրամի չափով»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցը դեռ նախորդ տարվանից հայտարարել է առաջին հայացքից անմեղ թվացող «վաճառք ինքնարժեքով» ակցիան, որը, սակայն, մոլորության մեջ է գցում սպառողներին: Միայն փետրվարի 1-ին, երբ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց այս մասին, «ակցիան» դարձավ հանրային քննարկման առարկա: