ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 43-ամյա տղամարդուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։
2016թ. մարտի 24-ին ահազանգ է ստացվել, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության է տեղափոխվել 1972թ. ծնված Րաֆֆի Հարությունյանը՝ «պարանոցի ձախ կեսի կտրած վերք, արտաքին լծակի երակի վնասումով, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ։
Նախապատրաստված նյութերով նույն օրն Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննությամբ պարզվել է, որ տուժածը դեպքի օրը Կոմիտասում գտնվող ավտոտնակներից մեկում վիճել է գործընկերոջ՝ Ս.Հարեյանի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքին եղած շինարարական կտրիչով դիտավորությամբ հարվածել է Ր.Հարությունյանի պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք: Վերջինս ենթարկվել է անհրաժեշտ բժշկական միջամտության՝ վիրահատության, և ի վիճակի չի եղել հարցաքննվելու:
Ս.Հարեյանը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Քրեական գործի նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: