«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարդու իրավունքների նոր պաշտպան, արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը չինովնիկ էր, եւ սա նրա թեկնածության դեմ բերվող հիմնական փաստարկն էր։ Սպասվում էր, որ պաշտոնի գալուց հետո նա իրեն կշրջապատի իրավապաշտպաններով։ Ասենք, նախկին փաստաբաններով, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փորձ ունեցող անձանցով։ Մինչդեռ հակառակն է։ Նա օմբուդսմենի գրասենյակն անաղմուկ լցնում է չինովնիկներով, ընդ որում՝ իր հարազատ արդարադատության նախարարության չինովնիկներով։ Վերջերս 3 այդպիսի կադրեր են համալրել Թաթոյանի աշխատակազմը՝ Ջուլիետա Բաղդասարյանը, Սերգեյ Ղազինյանը, Նինա Փիրումյանը։ Ջ․ Բաղդասարյանը Թաթոյանի օգնականն էր ԱՆ-ում։ Նրանք բոլորը նախարարության հասարակ աշխատակիցներ էին, Թաթոյանի վստահելիները։ Նույնչափ անաղմուկ հեռանում են Կարեն Անդրեասյանի կադրերը։ Հեռացողների մի մասն սպասում է իրենց դիմումների ստորագրմանը, մյուսներն արձակուրդ են վերցրել։
ՄԻՊ գրասենյակից հստակ տեղեկություններ առայժմ չեն հայտնում հեռացողների մասին։ «Երեք հոգի են գնացել։ Մամուլի քարտուղարը, ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը, մեկը՝ արտաքին կապերի վարչությունից։ Այլ աշխատանքի են անցել։ Նրանք վաղուց էին դիմում գրել, Թաթոյանն ստորագրել է»,- ասաց մամուլի խոսնակ Ռոնա Հարությունյանը։ Այդ դեպքում ո՞ւմ տեղն են նշանակվում այս նոր մարդիկ, քանի՞ աշխատող է արձակուրդում, եւ քանի՞ ազատման դիմում է սպասում Թաթոյանի ստորագրությանը։ Այս հարցերին Ռոնան խոստացավ պատասխանել հանգստյան օրերից հետո։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։