«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 23-ին Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, մեկնարկել է Բերդի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության գործով դատավարությունը: Սպանության մեջ կասկածվող Մովսես գյուղի բնակիչ Արթուր Մկրտումյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ, դեպքի ժամանակ խմած է եղել: Այդ նիստին ցուցմունք են տվել դատակոչված 10 վկաներից 6-ը: 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22.00-22.30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում 41-ամյա Արթուր Մկրտումյանը սպանել է համագյուղացի, Բերդի զինկոմ, գնդապետ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին:

Արթուր Մկրտումյանը Մովսեսում արագ է վարել իր «Նիվա» մակնիշի մեքենան, ինչի պատճառով զինկոմը դիտողություն է արել, արդյունքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Դ. Պապյանը հարվածել է Ա. Մկրտումյանին, ինչից հետո Ա. Մկրտումյանը վերցրել է որսորդական հրացանը և սպանել Պապյանին:

Մովսես գյուղից տեղեկացանք, որ Արթուր Մկրտումյանը պատշար վարպետ է: Իսկ Դերենիկ Պապյանը մասնակցել է Բերդի տարածաշրջանի սահմանների պաշտպանությանը, նա եղել է գումարտակի հրամանատար: Ներկայումս նրա եղբայր Ռոբերտ Պապյանը Բերդի տարածաշրջանում գումարտակի հրամանատարի տեղակալ է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Մովսեսից հայտնեցին, որ Դերենիկ Պապյանի՝ գումարտակի հրամանատար աշխատած ժամանակ Արթուր Մկրտումյանը եղել է նրա ենթական, դասակի հրամանատար և այդ ընթացքում նրանց միջև տարաձայնություններ են եղել:

Դեպքին հաջորդած ձերբակալությունից հետո Ա. Մկրտումյանը ժպտացել է, որովհետև հարբած է եղել, նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,75 պրոմիլ: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ զինկոմ Դերենիկ Պապյանը հայհոյել և հարվածել է Մկրտումյանին, մինչդեռ քրեական գործով նման փաստ չկա. Դ. Պապյանը ընդամենը բոթել է Արթուր Մկրտումյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: