Երեկ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում հրապարակվել են ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հոգեկան առողջությանը վերաբերող նյութերը։
Պարզվում է՝ նախքան բանակային ծառայությունը Պերմյակովը բազմիցս հետազոտվել է, այդ թվում՝ անցել է գլխուղեղի տոմոգրաֆիա։ Նրան մոտ նաև օլիգոֆրենիա էին կասկածում, սակայն փորձաքննությունը հերքել է այդ վարկածը։
Հայտնաբերվել է մտավոր զարգացման միջին մակարդակ, նյարդային վիճակի չափավոր ցուցանիշ, էպիլեպտոիդ տեսակ։ Ինքնասպանության փորձերը կարող են ցուցադրական բնույթ կրել։ Դեպրեսիայի ռիսկը բացառված է։ Հակված է քչախոսության, գործողությունների դրդապատճառները չբացատերելու ցանկնության։ Բնավորությամբ իրեն համարում է չշփվող, սակայն հաճախ է ժպտում, երբեմն՝ առանց պատճառի։ Սոցիալական հարմարվողականությունը թույլ է։
Համառ է, միշտ փորձել է հասնել իր առջև դրված նպատակներին։ Ալկոհոլ հազվադեպ է խմել, թմրանյութ չի օգտագործել։ Ծառայակիցներից մեկը Պերմյակովին բնութագրել է որպես անբարեխիղճ զինվորի, որը մշտապես հսկողության կարիք ունի։
Ծնողներին գրած նամակում Պերմյակովը գրել էր, որ չգիտի, թե ինչու և ինչպես է դա պատահել։ Սակայն շատ է ցավում։ «Ոտքերս իրենք տարան այնտեղ։ Սկսեցի կրակել, երևի վախից։ Ես կործանեցի կյանքս և խայտառակեցի ձեզ։ Մայրի՛կ, ների՛ր ինձ։ Սիրտդ լա՛վ պահիր, իսկ հայրիկին ասա՛, որ ոտքերը լավ պահի: Ներսումս ամեն բան եռում էր, սիրտս վայրկյանում 1000 զարկ էր խփում, ես չէի կարող ընդդիմանալ նրան, ինչն ինձ առաջնորդում էր։ Խնդրում եմ ներել ինձ այս խայտառակության համար։ Ես գիտեմ, որ ինձ դաժան պատիժ է սպասում, սակայն հույս ունեմ ձեզ տեսնել և ներողություն խնդրել»։