Հայաստանյան ներկայիս շոու-բիզնեսում քիչ են այնպիսի երգչուհիները, ովքեր առանձնանում են իրենց հստակ ոճով ու ասելիքով։ Այդ քչերի շարքում, անկասկած, կարելի է նշել նաև երիտասարդ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի անունը։

YN.am (Yerevannews.am, Երևան նյուզ լրատվական կայք)-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տաղանդավոր երգչուհու հետ հարցազրույցը։

 

- Ինչո՞վ է զբաղված Աստղիկ Սաֆարյանն այս շրջանում։ Այս տարի կլինե՞ն երգերի նոր քավրներ /cover/՝ Ձեր կատարմամբ:

- Այս շրջանում բավականին զբաղված եմ նոր աշխատանքներով: Ունեմ նոր երգեր և աշխատում եմ դրանց վրա, որոշ նոր երգեր էլ արդեն պատրաստ են, պլանավորում եմ նոր տեսահոլովակ, նոր համագործակցություններ, նոր պրոյեկտներ, որոնց փակագծերը դեռ չեմ ցանկանա բացել: Ինչու չէ, մի գուցե ներկայացնեմ նաև որոշ քավր երգեր, քանի որ միշտ կան համաշխարհային երգեր, որոնք այնքան սիրելի են դառնում, որ իսկապես ցանկանում եմ ունենալ այդ երգերի իմ քավր տարբերակը:

- Երկրպագուների դրական կամ հոռետեսական նամակներն ու մեկանաբանությունները Ձեր տրամադրության վրա որևէ կերպ ազդու՞մ են։

- Լավ արձագանքներն, անշուշտ, ոգեշնչում են, տալիս դրական էներգիա ու տրամադրություն, և շարժառիթ՝ ավելին անելու: Իսկ քննադատական բնույթ կրող կարծիքներից ընդունում եմ միայն առողջ նկատառումները և, փառք Աստծո, որ այսքան ժամանակ լսում և ստանում եմ միայն դրական արձագանքներ և որոշ մտահոգված նկատառումներ։

- Երբ Ձեր առաջին քայլերն էիք անում բեմում, բնական է հուզմունք ունեիք, այժմ հուզվու՞մ եք բեմ բարձրանալիս:

- Ըստ իս՝ բեմը հարգող արտիստը միշտ էլ հուզվում է բեմ բարձրանալիս, իհարկե տարիների ընթացքում ավելանում է փորձը, և ամեն հաջորդ անգամ ավելի շատ եմ հենվում փորձիս վրա, բայց, անկախ ամեն ինչից, երբ հարգում ես բեմը և հանդիսատեսին, անշուշտ հուզմունքը միշտ ուղեկից է:

- Ո՞ր երաժշտական գործիքների և ո՞ր լեզուների համադրությունն է ամենից շատ Ձեզ դուր գալիս երգերի մեջ:

- Ինչ վերաբերում է լեզուների համադրությանը, ապա երգերի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս «Spanglish»-ը (այսինքն՝ իսպաներենի և անգլերենի համադրությունը), իսկ երաժշտական գործիքների առումով ինձ շատ դուր է գալիս ռոք և հաուզ երաժշտական ժանրերի համադրությունը, որտեղ կարող ես լսել ռոքային կիթառների, թավջութակների շատ լուրջ մոտեցումներ՝ համադրված հաուզ երաժշտության ուժեղ ռիթմերի հետ:

- Հայկական երգարվեստից կա՞ որևէ արտիստ, ում երգերը պարբերաբար հնչում են Ձեր փլեյլիստում /playlist/: Եթե ցանկանում եք, նշեք դրանցից մի քանիսը:

- «Playlist», որպես էդպիսին, չկա, բայց կասեմ նրանք, որոնք հաճույքով լսում եմ, երբ «թերթում» եմ ռադիոյի ալիքները: Սիրով լսում եմ «Bambir» ռոք խմբի երգերից, Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի, ինչպես նաև Ռեյնկարնացիայի և իհարկե իմ շատ սիրելի ամենահայկական Ինգա և Անուշ Արշակյանների ստեղծագործությունները:

- Արտասահմանյան երաժիշտներից ու՞մ հետ կցանկանայիք հանդես գալ:

- «Coldplay» խմբի հետ: Երգարվեստում նրանց առաջին քայլերից սկսած՝ պաշտում եմ նրանց ստեղծած երաժշտությունը… Իսկ Chris Martin-ին առհասարակ համարում եմ աշխարհի ամենաորակյալ երաժիշտներից մեկը:

- Եթե մի օր առաջարկ ստանաք, որպես սիրված երգչուհի, նկարահանվել հայկական որևէ սերիալում, կհամաձայնե՞ք:

- Չեմ կարող հստակ ասել, կախված է, թե ինչ կերպարի և ինչ սերիալի մասին է խոսքը… Բարսելոնայում ստացել եմ սերիալում նկարահանվելու առաջարկ, բայց մերժել եմ, քանի որ կերպարը ինձանից շատ հեռու էր, և քանի որ ես երգչուհի եմ և ոչ թե պրոֆեսիոնալ դերասան, ուստի կերպարս գոնե փոքր-ինչ պետք է մոտ լինի ինձ, որ ավելի հեշտ կարողանամ մտնել այդ հերոսի կերպարի մեջ:
Բայց գովազդային հոլովակներում նկարահանվելուն շատ դրական եմ վերաբերվում և ի դեպ, Բարսելոնայում վերջերս նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակներում համաշխարհային որոշ ապրանքանիշների համար:

- Հայտնի է, որ ունեք Ձեր սեփական բրենդը` ACÓ by Astghik Safaryan։ Ապագայում այդ գործն ընդլայնելու պլաններ կա՞ն։

- Իհարկե, այն հիմա գործում է և տարվում են լուրջ աշխատանքներ՝ ընդլայնելու աքսեսուարների և հատկապես գլխարկների տեսականին, որն ի դեպ, շատ դրական արձագանք ունեցավ և դարձավ բրենդի ամենասիրելի ապրանքատեսակը, էնպես որ, շուտով սպասվում են նորություններ:

- Հեծանիվ վարու՞մ եք: Հնարավո՞ր է՝ մի օր Ձեզ տեսնենք Երևանի փողոցներում հեծանիվ վարելիս:

- Սա հավանաբար այն է, ինչ շատերը չգիտեն իմ մասին... Միգուցե անսովոր լինի շատերի համար, բայց ես խոստովանում եմ, որ հեծանիվ վարել չգիտեմ :)) Չգիտեմ` ինչու, բայց միշտ խուսափում եմ նստել և վարել: Այս հարցում թերացել եմ, խոստովանում եմ :))

- Կա՞ այնպիսի մեկ օր, որը կցանկանայիք հետ վերադարցնել Ձեր անցիալից:

- Հետաքրքիր հարց էր, մտածելու տեղիք տվեց, շնորհակալ եմ:
Հարցից հասկացա, որ ժամանակի ընթացքում տարիներն ինձ փոխել են մի քիչ: Նախկինում հաճախ էի մտքով վերադառնում անցյալ և ծանր ու թեթև անում իրավիճակները, մտածում որ մի գուցե սա այնպես անեի, այլ կերպ կլիներ, կամ հակառակը, բայց հիմա բոլորովին այլ կերպ եմ նայում այդ ամենին:
Այն ինչ անցյալում է, այլևս ետ չես բերի, այն ինչ պատահել է քեզ կյանքում, ուրեմն էդպես էր նախատեսված, և նորից նույն ճամփան անցնելու դեպքում միևնույնն է նույն կերպ կլիներ: Իսկ այն ինչ չի ստացվել, ուրեմն դա մի գուցե իմը չէր և չպետք է տեղ գտներ իմ կյանքի պատմության մեջ: Ըստ իս՝ անցյալից միայն պետք է վերցնել փորձ և փորձել գիտակցաբար չկրկնել այն ինչ սխալ ես համարել նախկինում: Եվ վերջապես, կյանքը գեղեցիկ է իր բոլոր փուլերով՝ ԱՆՑՅԱԼ-ի՝ անդարձ, ՆԵՐԿԱ-ի՝ չգիտակցված լինելով և ԱՊԱԳԱ-ի սպասելիքներով:

- Այժմ երբ նայում եք Ձեր՝ որպես երգչուհի անցած ճանապարհին, կա՞ որևէ բան որի համար փոքր-ինչ զղջում եք:

- Բնականաբար, կան բաներ, որ կցանկանայի ավելի բարձր որակով անել, բայց տասը տարի առաջ որքան էլ ուզենաի ներկայիս որակը ստանալ, միևնունն է՝ անհնար էր այդ տարիներին, այն էլ Հայաստանում: Համենայն դեպս, ուրախ եմ, որ ամեն աշխատանքիս փորձել եմ լուրջ և հնարավորինս որակյալ մոտեցում տալ: Եվ ուրախ եմ, որ այսօր հետ նայելով իմ կատարած աշխատանքներին նկատում եմ ավելի պրոգրես, քան ռեգրես:

 

Աննա Նահապետյան