Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. ապրիլի 16-ից ապրիլի 26-ը դիմել են հետևյալ անձինք` Հրաչյա Աշոտի Ասմարյանը՝ ծնված 1941թ., Անահիտ Սերյոժայի Գրիգորյանը` ծնված 1953թ., Հասմիկ Սուրենի Փիլիպոսյանը՝ ծնված 1943թ., Դոլարես Հակոբի Դավթյանը՝ ծնված 1955թ., Գագիկ Կառլենի Բունիաթյանը՝ ծնված 1969թ., Գայանե Հրանտի Ներսիսյանը՝ ծնված 1949թ., Տիգրան Մնացականի Պետրոսյանցը՝ ծնված 1951թ., Դավիթ Հարությունի Ալեքսանյանը՝ ծնված 1956թ., Արա Թորգոմի Նալչաջյանը՝ ծնված 1969թ.:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը մինչ Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ապրիլի 30-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումները, որոշում է կայացրել հաղթող ճանաչել Գագիկ Բունիաթյանին:


***

Գագիկ Կառլենի Բունիաթյան

(կենսագրական համառոտ տվյալներ)

Գագիկ Կառլենի Բունիաթյանը ծնվել է 1969թ. հուլիսի 26-ին, Երևանում: 1976-1986թթ. սովորել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցում:

1985թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է Երևանի «Սելենա» գործարանի տնտեսական բաժնում՝ որպես առաջին կարգի բանվոր:

1986թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1992թ.՝ ստանալով ինժեների որակավորում:

1987-1988թթ. հանդիսացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի պրոդյուսերը և ղեկավարը:

1991թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է Հայաստանի երիտասարդ կազմակերպությունների կոմիտեում՝ ռեֆերենտի պաշտոնում:

1991-1995թթ. ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների» ակումբը: 1992-1994թթ. եղել է «Ուրախների և հնարամիտների» ակումբի ԱՊՀ հավաքականի տնօրենը:

1991-1995թթ. ղեկավարել է «Շարմ» ընկերության հիմնադիրների խորհուրդը:

1994թ. նշանակվել է «ԱՄԻԿ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր:

1995-1996թթ. աշխատել է Երևանի երիտասարդական պալատում՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում:

1996թ. աշխատանքի է անցել ՀՀ տեղեկատվության նախարարության «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկությունում՝ զբաղեցնելով «Առաջին ծրագրի» տնօրինության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: 1997-1999թթ. ղեկավարել է «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկության կոմերցիոն ծրագրերի բաժինը:

1999-2010թթ. ղեկավարել է «Շարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2002 թվականից հեռուստատեսային եթերում ներկայացել է որպես «Հայ ԹիՎի» հեռուստաալիք: 2002-2010թթ. հանդիսացել է նաև «Հայ ԹիՎի» հեռուստաալիքի ղեկավար:

2010թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գլխավոր պրոդյուսեր, իսկ 2010թ. սեպտեմբերի 29-ին նշանակվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում աշխատել է մինչև 2013թ. ապրիլի 25-ը:

Ամուսնացած է, ունի երկու որդի: