Արդեն տևական ժամանակահատված է ամբողջ համացանցում բուռն քննարկումների կիզակետում է հայտնի հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթի հարսանիքը:

Զույգի սիրավեպի մասին լուրերը համացանցում հայտնվեցին 2015-ի վերջին: Նրանց միասին լինելու լուրը հաստատեց Դավիթի նախկին կինը` Լիլիթ Շահնազարյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը»:

Աննայի և Դավիթի նշանադրությունը, ինչպես կարելի է կարդալ տարբեր լրատվամիջոցներում, անցել է բավականին զուսպ, սահմանափակ հյուրերով: Նեղ ընտանեկան միջոցառմանը ներկա են եղել միայն ամենահարազատները և զույգի ծնողները:

Այսպիսով, նշանադրությունն էլ տեղի ունեցավ և սկսվեցին քննարկումները մոտալուտ հարսանիքի մասին, թե երբ կկայանա, որտեղ, ովքեր ներկա կլինեն և այլն:

Աննայի և Դավիթի հարսանիքը տեղի կունենա մոտ օրերս, իսկ ավելի կոնկրետ ապրիլի 2-ին: Հարսանեկան տոնակատարությունը տեղի կունենա երևանյան ամենահայտնի և բարձրակարգ ռեստորաններից մեկում: Ի դեպ, հարսանիքի ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է հենց ինքը` հարսիկը:

Հարսանիքին ներկա կլինի 100-ից ավելի հյուր. հրավիրված են միայն ամենամտերիմ բարեկամները, ընկերները, իսկ շոուբիզնեսի ներկայացուցիչներից հարսանիքին կլինեն միայն Աննայի ամենամոտ ընկերները: Վերջերս վիրահատված Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թոռնիկները` Դավիթի երեխաները, նույնպես կմասնակցեն հարսանիքին: 

Ինչպես հայտնում են զույգին մոտ կանգնած աղբյուրները` այդ օրը Աննան և Դավիթը հավերժ սիրո երդում կտան երևանյան եկեղեցիներից մեկում, սակայն օրինական ամուսիններ այդ օրը չեն դառնա, քանի որ ԶԱԳՍ-ի արարողությունը այդ օրը նշանակված չէ: Ի դեպ, զույգի քավորը նրանց ամենամտերիմ ընկերներից է: 

Հարսանեկան զգեստի ընտրության հարցում մշտապես իր համեստությամբ աչքի ընկած գեղեցկուհի հաղորդավարուհին նույնպես ցուցաբերել է իրեն բնորոշ պարզություն և բավականին հեշտությամբ կարողացել է իր կյանքի ամենակարևոր զգեստը ընտրել Երևանի հարսանյաց սրահներից մեկում:

Հարսանիքին բարձր տրամադրություն կապահովեն ոչ թե հայկական ավանդական զուռնա-դհոլը, այլ նրանք որոշել են իրենց զվարճանքը անցկացնել DJ-ի երաժշտության ներքո: 

 

Նյութի աղբյուրը՝ http://www.wedding.am։