Ամբողջ զինված հեղաշրջման ծրագրի համար կազմակերպիչները ֆինանսավորվել են մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին այսօր հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
ԱԱԾ պաշտոնյան նշեց, որ ֆինանսավորման աղբյուրի մասով այս պահին չպարզված հանգամանքներ չկան. անձը, ով ֆինանսավորել է՝ մեղադրվում է քրեական գործի շրջանակներում: Մեղադրյալը բնակվում է ՀՀ-ում և այստեղ էլ գործունեություն ծավալում: Այլ տեղեկություն պաշտոնյան չասաց:
Նաև ձեռք է բերվել տեսագրություն, որտեղ Վարդանյանը ուղերձով դիմում է երկրի բնակչությանը՝ իբր արդեն զինված հեղաշրաջում իրականացնելուց հետո, ներկայացնում իր ծրագրերը, որը պետք է հեռարձակվեր Հ1-ը գրավելուց հետո:
Ձեռք է բերվել նաև նամակ՝ անգլերենով, որ գործողությունը կատարվելուց հետո պետք է ուղարկվեր ՀՀ բոլոր դեսպանատներին՝ նրանց հրավիրելու հաջորդ օրը Արմենիա Մարիոթ ժողովին մասնակցելու և համապատասխան ուղերձով դեսպանատան ներկայացուցիչներին տեղեկացնելու, թե ինչ է կատարվել երկրում, ինչ նպատակով և ինչ ծրագրեր ունեն:
«Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է համապատասխան զենք, հանդերձանք և առաջադրանք»,- մանրամասնեց նա:
Նշենք, որ զինված խմբի անդամների հարձակման թիրախներն են եղել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությանը: