Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստին, քննարկելով ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակման հարցը, վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Սակայն, նա նշեց նաև, որ ընտրողների ցուցակների հրապարակումը խնդրահարույց է ոչ թե այն տեսանկյունից, որ մարդկանց պետք չէ հնարավորություն ընձեռել ծանոթանալու ցուցակներին, այլ խոսքը վերաբերում է պաշտոնական հրապարակմանը, երբ կարող են պաշտոնապես հրապարակվել և համարվել իրավական պաշտոնական փաստաթուղթ:
Ընտրողների ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է ընտրության գաղտնիության տարրերից մեկը:
«Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նաև ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն և հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին»,- ասել է նա: